Ի գիտություն ծնողներին

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնն անդրադարձել է երեխաների մոտ կավասակիի սինդրոմին նման հիվանդությանը, որը կապում են կորոնավիրուսի հետ: Նոր տեսակի հիվանդությանը տրվել է MIS-C անվանումը (մուլտիհամակարգային բորբոքային վիճակ): Այս հիվանդության ժամանակ կարող են բորբոքվել երեխայի մարմնի տարբեր հատվածներ՝ սիրտը, թոքերը, ուղեղը, մաշկը, մարսողական համակարգը և այլն: MIS-C-ն հիմնականում գրանցվել է COVID-19 ունեցող կամ վարակակիրների հետ շփում ունեցած երեխաների մոտ: Հիվանդությունը վտանգավոր է, կարող է նաև մահացու լինել, սակայն հայտնաբերման և պատշաճ բժշկական օգնության ցուցաբերման դեպքում երեխաներն առողջացել են:

Ըստ CDC-ի՝ MIS-C հիվանդության հիմնական ախտանշաններն են՝ բարձր ջերմություն, փորացավ, փսխում, փորկապություն, ցավ վզի հատվածում, ցան, աչքերի արյունակալում, հոգնածության զգացում, ծանրացած շնչառություն:

Մասնագետները խորհուրդ են տալիս միանգամից դիմել բժշկին, եթե երեխայի մոտ նման ախտանշաններ են նկատվում:

MIS-C հիվանդությունն այս պահին ուսումնասիրվում է թե՛ ԱՀԿ-ի, թե՛ տարբեր երկրների առողջապահության կառույցների և գիտնականների կողմից, դեռևս ապացուցված չէ, թե որքանով այն կապ ունի կորոնավիրուսի հետ․ ոչ հերքված է, ոչ էլ հաստատված է վարկածը, որ այն կարող է կորոնավիրուսի հետևանք լինել:

Երեխաների անվտանգության համար բժիշկները խորհուրդ են տալիս զգույշ լինել և պաշտպանել երեխաներին COVID-19 վարակվելուց, ինչպես նաև վարակակիրների հետ շփվելուց:

Հ.Գ. Հայաստանում գրանցվել է կավասակի սինդրոմին նման 2 դեպք, սակայն կարևոր է, որ առողջապահության նախարարությունը տեղյակ լինի, որ այս նոր տիպի վիրուսը կավասակիի սինդրոմը չէ, ուղղակի նման է, բոլորովին այլ հիվանդություն է, որն ունի MIS-C անվանումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել