Մեր ուշադրության կենտրոնում են համաշխարհային ռազմարվեստի զարգացման միտումները, այն գործոնները, որոնք նորովի և արդիական պահանջներին համահունչ վերանայում են ռազմագիտության դասական մոտեցումները, պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ տեսլականը ներկայացնելիս նշել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Մենք տեսնում և ուսումնասիրում ենք, թե ինչպես է մշակվում և մեզանից աշխարհագրորեն ոչ շատ հեռու՝ կոնֆլիկտային գոտիներում գործնականորեն փորձարկվում պատերազմավարման ռազմաքաղաքացիական «խելացի» գործիքակազմ՝ նոր, տեխնոլոգիապես հագեցած, մահաբեր և ոչ մահաբեր զինատեսակների, կառավարման և մարտավարական նոր մոտեցումների, ոչ պետական ռազմական կազմակերպությունների, ինչպես նաև՝ մինչև վերջերս որպես արդպիսիք ռազմական չընկալվող տնտեսական, քաղաքական, տեղեկատվական և այլ տեխնոլոգիաների կիրառմամբ: Մենք ավելի ու ավելի ենք հեռանում դասական պատերազմ վարելու մարտավարությունից և օպերատիվ արվեստից: Մասնավորապես՝ տեսնում ենք, որ.

- բարձրտեխնոլոգիական, հեռահար և գերճշգրիտ զինատեսակների կիրառման արդյունքում ռազմական գործողությունները դառնում են ոչ կոնտակտային, իսկ կենդանի ուժի կորուստը՝ կրիտիկական: Հասարակությունը խիստ ցավագին է արձագանքում մարդկային կորուստներին անգամ հաղթանակի դեպքում,

- բոլոր օղակներում որոշիչ է դառնում ճիշտ պահին արագ և առաջանցիկ որոշում կայացնելն ու գործողություն կատարելը, որի համար ստորաբաժանումներից պահանջվում է բավարար շարժունակություն և ճկուն հրամանատրում: Ժամանակակից տեխնոլոգիաների առկայության պայմաններում մեծ և ստատիկ ստորաբաժանումները հեշտությամբ թիրախավորվում են, միևնույն ժամանակ, փոքր ստորաբաժանումները, ճիշտ պահին և իրական ժամանակում ունենալով լիարժեք օպերատիվ տեղեկատվություն, կարողանում են հաջողությամբ լուծել բարդ խնդիրներ,

- հակառակորդին «անմիջական գործողության միջոցով» խոցող և չեզոքացնող, այսպես կոչված՝ մարտական զորատեսակները, համակարգերը և զինատեսակները, տասնամյակներ տևած մրցակցության արդյունքում դարձել են բազմաֆունկցիոնալ, տարաշարժուն և խելացի: Զորատեսակների և միջոցների (հրթիռահրետանային, ՀՕՊ, ՌԷՊ, ինժեներական) մարտական խնդրի կատարման համար ոչ միայն մարդկային ուժը և կառավարման համակարգը, այլև զինատեսակները պետք է ունենան բավարար կենսունակություն՝ չխոցվելու, բազմաֆունկցիոնալություն՝ միաժամանակ տարբեր խնդիրներ կատարելու և շարժունակություն՝ անմիջական մարտական խնդիր կատարող ստորաբաժանման գործողություններն ապահովելու համար,

- ռազմական տեխնոլոգիաները դառնում են ավելի մատչելի, և հաղթանակի գրավականը ոչ միայն դրանց քանակով հակառակորդին գերազանցելն է, այլև առաջին հերթին դրանց ամբողջական, խելացի և նպատակային կիրառման ունակությունը: Պատերազմավարման գործում ռազմական «ուժին» համահավասար կարևորվում է ռազմական «միտքը»,

- ժամանակակից տեխնոլոգիաները գրեթե անխուսափելի կամ առնվազն խիստ հավանական են դարձնում ռազմական գործողությունների ժամանակ կապի ու տարբեր տեսակի մատակարարումների խափանումները, ճանապարհների ու զորաշարժերի վերահսկելիությունը, ընդ որում՝ և´ ժամանակի, և´ խոցելիության տեսանկյունից, տեսադիտարկման և հետախուզության այլ հնարավորությունները մարտական գործողությունների ընթացքում գրեթե բացառում են հանկարծակիության ու ծածուկության գործոնները: Այս պայմաններում մարտական խնդիրների կատարման համար ստորաբաժանումների ինքնաբավությունը՝ ինքնուրույն ռազմական խնդիր լուծելու կարողությունը, որոշիչ է դառնում,

- ժամանակակից պատերազմները չեն սահմանափակվում ռազմական գործողությունների վարմամբ և չեն ավարտվում մարտի դաշտում տարած հաղթանակով: Պատերազմավարման ոչ ռազմական գործիքներն այնքան բազմազան են, որ պատերազմի թատերաբեմը հավասարապես տեղափոխվել է քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, տեղեկատվատեխնոլոգիական, քարոզչական, հասարակական և բարոյահոգեբանական հարթություններ»,-նշել է Տոնոյանը։

Պաշտպանության նախարարի դիտարկմամբ՝ ռազմարվեստի զարգացման գլոբալ միտումներին հետևելուց առավել բարդ է զինված ուժերի զարգացման ապահովումն այդ միտումներին համահունչ, համապատասխանեցումը պատերազմի վարման փոփոխվող պահանջներին:

«Որքան էլ դյուրին թվա փոփոխվելու և ժամանակակից պայմաններին ադապտացվելու խնդիրը, ռազմական ոլորտում շարունակական փոփոխությունների ապահովումը բավականին բարդ է, քանի որ պահանջում է ոչ միայն համապատասխան գիտակրթական ներուժ, այլև մեծ ռեսուրսներ, և ամենակարևորը՝ ներդրման խելացի ընթացակարգեր և ճկուն ու շրջահայաց զինվորական անձնակազմ: Այս առումով առկա է մեկ կարևոր հանգամանք, որը չենք կարող հաշվի չառնել. եթե որոշ բանակներում այն թույլատրելի է, նույնիսկ` խրախուսելի, ապա մենք իրավունք չունենք գնալու այնպիսի փորձարկումների ու նորամուծությունների, որոնք կպարունակեն մեր պաշտպանունակությունը և բանակի մարտունակությունը թեկուզ ժամանակավորապես խաթարող ռիսկեր: Մյուս կողմից, սակայն, ռազմական բնույթի սպառնալիքները չեզոքացնելու համար մենք առավել ևս իրավունք չունենք ապավինելու դրանց չհամապատասխանող, ավելին` տասնամյակների վաղեմություն ունեցող գիտելիքներին, փորձին, ռազմավարություններին, կառավարման ընթացակարգերին, կանոնադրություններին ու զինատեսակներին. դրանք ակնհայտորեն հնացած են և առաջիկայում կարող են առավել վտանգավոր դառնալ մեր պաշտպանունակության համար: Անվտանգության և պատերազմի վարման արագ փոփոխվող միջավայրում մենք պետք է ունենանք առկա և հավանական ռազմական բնույթի սպառնալիքները կանխատեսելու, գնահատելու, կանխելու, զսպելու և, ի վերջո, չեզոքացնելու այդ միջավայրին համահունչ և նույնիսկ առաջանցիկ զարգացող կարողություններ: Ուստի, մեզ համար կարևոր է ստանալ ոչ միայն արդիական ռազմական գիտելիքներ, որոնք ժամանակի ընթացքում հնանալու են, այլև ներդնել «մշտապես սովորելու» և փոփոխվող անվտանգության միջավայրին ադապտացվելու ճկուն ընթացակարգեր:

Այդ խնդրի լուծման համար խիստ անհրաժեշտ է բանակում նախաձեռնողական մշակույթի արմատավորումը: Մեր երկրի ռազմաքաղաքական, ռազմատնտեսական, ռազմատեխնիկական և բուն ռազմական խնդիրները լուծելու համար մենք իրավունք չունենք լինելու միայն արձագանքողի դերում՝ լինի անդադար հրադադարի ռեժիմի խախտումներին, մշտապես պաշտպանությանը նախապատրաստվելու, թե շարունակաբար այս կամ այն ռազմատենչ հայտարարություններին արձագանքելու դեպքում. դա պարտության ճանապարհ է: Մենք պետք է լինենք նախաձեռնող և այս ուղղությամբ արդեն իսկ զգալի աշխատանքներ ենք կատարել. համապատասխան տեխնիկական միջոցների և նոր մարտավարության ներդրմամբ փոխել ենք մարտական հերթապահության կազմակերպման և հրադադարի ռեժիմը պարտադրելու և վերահսկելու տրամաբանությունը՝ ուղղակի կանխարգելելով ռեժիմի խախտումների հիմնական մասը, մեր մարտական պատրաստությունը չի կենտրոնանում միայն պաշտպանության կազմակերպման վրա, այլ նոր՝ հարձակողական և գրոհային ստորաբաժանումների ստեղծմամբ հղկում է կանխարգելիչ գործողություններ կատարելու մարտավարությունը, իսկ մեր ռազմադիվանագիտական լեզուն չհանդուրժող է մեզ ուղղված սպառնալիքների հանդեպ:

Այնուամենայնիվ, զինվորական մշակույթում նախաձեռնողականության արմատավորումը բավականին բարդ գործընթաց է, քանի որ չի կարող ինքնին խրախուսվել, ինչպես քաղաքացիական կյանքում: Դա պայմանավորված է բանակում գործող այնպիսի ընթացակարգերով, ինչպիսիք են հրամանատարական ուղղահայացը, միանձնյա ղեկավարման սկզբունքը, կարգապահության և հրամաններն անվերապահորեն կատարելու հստակ պահանջը, ի վերջո, այդ սկզբունքներով անձնակազմի ստացած կրթությունը և ծառայության փորձը: Ուստի, զինված ուժերում նախաձեռնողականությունը կարող է լավագույնս դրսևորվել ճկուն հրամանատրման և առաջնորդության սկզբունքների ամրապնդման, համապատասխանաբար՝ մարտական կանոնադրությունների դրույթների կատարման, որոշումների կայացման և զեկուցման մեխանիզմների հղկման, մարտական պատրաստության, բարոյահոգեբանական ապահովման և ռազմական կրթության պահանջների վերանայման, ինչպես նաև վերազինման, մարտավարության և օպերատիվ արվեստի վերանայման միջոցով: Իսկ այստեղ մենք դեռևս ունենք շատ անելիքներ:

Պաշտպանության համակարգի տարբեր ոլորտներում արձանագրված առաջընթացին լավագույն կիրառականություն հաղորդելու նպատակով կարևոր եմ համարում դրանք կապող օղակների ամրապնդումը։ Մենք միշտ ունենք այն համոզմունքը, որ պաշտպանությունը համակարգ է, և մի օղակի թերացումը բացասաբար է անդրադառնում այլ օղակների վրա։ Միևնույն ժամանակ, մի օղակի զարգացումը բազմապատկող դրական ազդեցություն է ունենում մնացած բոլոր օղակների վրա։ Այս տրամաբանությամբ առաջիկայում մեր մոտեցումն է լինելու, հենվելով կայացած օղակների վրա՝ ազդակ հաղորդել մյուս օղակներին, իսկ ձախողված օղակները «ստերիլացնել» և  վերակառուցել զրոյից կամ ենթարկել արմատական փոփոխությունների։

Ինչ վերաբերում է գիտական ու տեխնիկական առաջընթացին, ապա ռազմական ոլորտին վերաբերող նոր տեխնոլոգիական մարտահրավերների մասին բարձրաձայնում են առաջին հերթին սպաները և նորարարության խնդիր սահմանում մեր գիտնականների ու արդյունաբերողների համար։ Մարտական պայմաններում ծագած պահանջների տեխնոլոգիական լուծումները մեծ ներուժ ունեն լինելու մրցունակ նաև համաշխարհային մակարդակում, և այս առումով ապագայում ակնկալում ենք յուրահատուկ հայրենական ռազմական արտադրանք»,-ընդգծել է Դավիթ Տոնոյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել