Խորհրդային կրթական համակարգը մշտապես հայտնի է եղել իր բարձր որակով: Միաժամանակ դպրոցներում մի շարք արգելքներ կային՝ նախատեսված աշակերտների համար: Այն աշակերտները, որոնք անտեսում էին այդ արգելքները, պատժվում էին․ օրագրերում նշումներ էին ստանում կամ նրանց ծնողներին էին դպրոց կանչում: Իսկ որո՞նք էին այդ արգելքները:

Տղաների երկար մազեր

70-80-ական թվականներին Արևմուտքում նորաձև էին համարվում տղաների երկար մազերը: Այն հատկապես մեծ տարածում էր ստացել հիպպիների շրջանում: ԽՍՀՄ-ում, սակայն, դպրոցական տղաներին արգելում էին երկար սանրվածքներ անել՝ խուսափելով արևմտյան երկրների հնարավոր ազդեցությունից:

Տղաներին կտրականապես արգելվում էր երկար վարսեր ունենալ, իսկ աղջիկները պետք է մազերը հյուսեին կամ կոկիկ կերպով ամրացնեին գլխին: Պահանջը չկատարելու համար երեխային կարող էին անգամ հեռացնել դպրոցից:

Վառ դիմահարդարում և զարդեր՝ աղջիկների դեպքում

Կոսմետիկ միջոցներով գեղեցկությունն ընդգծել խորհրդային աղջիկներին չէր արգելվում, սակայն միայն ոչ դպրոցում. դրա պատերից ներս վառ դիմահարդարում ունենալն արգելվում էր: Կանոնին չհետևած աշակերտուհիներին անմիջապես ուղարկում էին զուգարան՝ լվալու դիմահարդարումը, և օրագրում նշում էին կատարում:

Զարդեր կրելը ևս չէր խրախուսվում: Դրանք ստիպում էին հանել դպրոց մտնելուց անմիջապես հետո, քանի որ ոչ պատշաճ էր համարվում ֆինանսական վիճակն ընդգծելն այլոց շրջապատում: Եղունգները ներկել ևս չէր թույլատրվում:

Կարճ կիսաշրջազգեստներ

ԽՍՀՄ-ում հետևում էին ոչ միայն դեմքին, այլև ընդհանուր կերպարին: Չէր թույլատրվում մինի-կիսաշրջազգեստներ կրել, այդ իսկ պատճառով դպրոց մտնելուց առաջ աղջիկների կիսաշրջազգեստների երկարությունը չափում էին ուսուցիչները կամ այլ աշխատակիցներ:

Եթե մինչև ծնկները հասնող բացը ավելին էր, քան 10 սմ-ը, ապա աշակերտուհուն ուղարկում էին տուն՝ հագուստը փոխելու, իսկ օրագրում խիստ գրառում էին կատարում:

Ջինսեր և սպորտային կոշիկներ

Զգեստապահարանում այս իրերը գրեթե բացակայում էին: Դրանք գտնելը չափազանց դժվար էր. ջինսեր ու սպորտային կոշիկներ քչերն ունեին, և դրանք համարվում էին արևմտյան շքեղություն: Բնականաբար, դրա դեմ ևս պայքարում էին:

Ջինսեր և սպորտային կոշիկներ կրող աշակերտներին անմիջապես ուղարկում էին տուն՝ հագուստը փոխելու:

Գնդիկավոր գրիչներ

Տարածված էր կարծիք առ այն, որ գնդիկավոր գրիչներն ունակ էին փչացնելու ձեռագիրը, իսկ դրա մածուկը թույն էր պարունակում, այդ իսկ պատճառով մինչ 70-ական թվականները բոլոր խորհրդային դպրոցներում աշակերտները գրում էին միայն փետուրավոր գրիչներով կամ պարզապես թանաքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել