Հունիսի 3-ի գիշերը կրծքավանդակի շրջանում դանակահարված վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա մի տղամարդ, որի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տղամարդը բուժհաստատություն է տեղափոխվել Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշինի փողոցի բնակարաններից մեկից։ Տանը հայտնաբերվել են արնանման հետքեր, արնոտ դանակ և այլն։ Տեղում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Մաշտոցի բաժնի ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ տուժողն ու 55-ամյա մի տղամարդ միասին հաց են կերել, ինչի ընթացքում կենցաղային հարցերի շուրջ վեճ է ծագել, որն էլ հանգուցալուծվել է դանակահարությամբ։

Կասկածվողը նույն թաղամասում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին։ Բնակարանում հայտնաբերված արնանման հետքերով դանակը, որը նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է, առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել