Երևանի Լուկաշինի փողոցի բնակարաններից մեկում տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ 55-ամյա կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանություն (Video)


20:58 , 4 հունիս, 2020

Հունիսի 3-ի գիշերը կրծքավանդակի շրջանում դանակահարված վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա մի տղամարդ, որի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տղամարդը բուժհաստատություն է տեղափոխվել Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշինի փողոցի բնակարաններից մեկից։ Տանը հայտնաբերվել են արնանման հետքեր, արնոտ դանակ և այլն։ Տեղում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Մաշտոցի բաժնի ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ տուժողն ու 55-ամյա մի տղամարդ միասին հաց են կերել, ինչի ընթացքում կենցաղային հարցերի շուրջ վեճ է ծագել, որն էլ հանգուցալուծվել է դանակահարությամբ։

Կասկածվողը նույն թաղամասում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին։ Բնակարանում հայտնաբերված արնանման հետքերով դանակը, որը նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է, առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։