Newspress.am-ը գրում է․

Օրերս Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջի եթերում, զենքի անօրինական վաճառքում Հայաստանի բարձրագույն ղեկավարության ներգրավածության մասին խոսելիս տվեց մի անուն, ում մասին NEWSPRESS.am հրապարակել էր դեռ նախորդ տարի: Խոսքը Դավիթ Գալստյանի կամ «Պատրոն Դավիթի» և կամ էլ «Սուտինյոր Դավիթի» մասին է: 

Շրջանակով ընդգծվածը Դավիթ Գալստյանն է 

Եվ ահա NEWSPRESS.am-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել զենքի աղմկոտ գնումների և առհասարակ նրա գործերի, պաշտոնյա հովանավորների և այլնի մասին: 

Այսպես. ընթերցողին հիշեցնենք, թե ով է Դավիթ Գալստյանն առհասարակ: Նա երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ Վաչագան Ղազարյանի, նույն ինքը՝ Սերժի Վաչոյի սանիկն է: Դեռ նախորդ տարի էինք գրել այն մասին, որ մեր տեղեկություններով հենց Գալստյանն էր վճարել Վաչագան Ղազարյանի ազատության համար պահանջվող գրավն ամբողջությամբ։ Ինչ վերաբերում է նրա՝ «Սուտինյոր» մականվանը, ապա դա էլ կապված է այն բանի հետ, որ նա ժամանակին ինքնաթիռով աղջիկներ է բերելիս եղել Հայաստան: Գալստյանին Ղազախստանում եղած ժամանակ հանդիպել է Յուրի Խաչատուրովը հենց Գալստյանին պատկանող գիշերային ակումբում, ընկերացել նրա հետ, դրանից հետո Խաչատուրովը Գալստյանին «բերել է» Հայաստան, ծանոթացրել իր շրջապատի, այդ թվում՝ Վաչագան Ղազարյանի հետ: Այսպես էլ սկսվել է Պատրոն Դավիթ-Սերժի Վաչո տանդեմի քավոր-սանիկությունը, ինչի մասին նրբանկատորեն լռում է Միքայել Մինասյանը: 

Ինչ վերաբերում է Գալստյանի՝ զենքի անօրինական վաճառքի հետ կապված «քաջագործություններին». Մինասյանը խոսում է պայմանականությունների լեզվով, ինչպես ինքն է ասում, «դիվանագիտորեն»: Մենք ավելի «անկեղծ» կլինենք ընթերցողների հետ և կհրապարակենք տեղեկությունները, որոնք հասել են մեզ այս գործարքի մասին, և քանի որ մեր նախորդ հրապարակմանն իրավական գործընթացներ չեն հետևել, ապա կարող ենք ենթադրել, որ Փաշինյանը պարզապես չի ցանկացել զբաղվել խնդրով, իսկ դա իր հերթին «այլ» ենթադրություններ անելու տեղիք է տալիս: 

Ըստ այդմ՝ այժմ ավելի մանրամասն. զենքը, որի մասին չի խոսում Մինասյանը, «Կոռնետ» հակատանկային հրթիռների մասին է, այսինքն՝ դրանք նախատեսված են տանկեր խոցելու համար: «Սև շուկայում» «Կոռնետի» գնի տարբերությունը մինչև 20 անգամ ավելի է սովորական շուկայինից: Այսինքն՝ եթե սովորական շուկայում այդ զենքն արժե, ասենք, 10 հազար դոլար, ապա «սև շուկայի» պարագայում՝ ասենք 150 հազար դոլար: Սա է պատճառը, որ Գալստյանը «Կոռնետը» Հայաստան բերելու փոխարեն՝ վաճառել է «սև շուկայում»: Սա է նաև այն պատճառը, որի համար Ռուսաստանի Դաշնությունը, այսպես ասենք, վիրավորվել է Հայաստանից, և Դավիթ Գալստյանն էլ հայտնվել է ՌԴ «սև ցուցակում»: 

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից Դավիթ Գալստյանի՝ օֆշորում գրանցված Royalsys Engineering ltd. ընկերությանը զենքի առքուվաճառքով զբաղվելու լիցենզիա տալուն: Նշենք, որ այս ընկերությունը պետք է «Կալաշնիկով» ինքնաձիգի АК-12 և АК-15 տեսակների արտադրություն հիմներ: Նախ, միջանկյալ հարցնենք մեր երկրի վարչապետին, թե ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության գնումները կատարվում են Վաչոյի սանիկի՝ օֆշորում գրանցված ընկերության կողմից: Ինչո՞ւ Պաշտպանության նախարարությունն ինքը չի գնում իրեն անհրաժեշտ զինատեսակները, այլ օգտվում է օֆշորային ընկերություններից:

Եթե Փաշինյանը կդժվարանա հարցին պատասխանելուց, ապա մենք կհուշենք նրան. դա արվում է միայն և հատուկ այն բանի համար, որպեսզի տեղի ունենա կոռուպցիա, թալան: Դա ամենահարմար կոռուպցիոն մեխանիզմն է: Օֆշորային ընկերություններն, առհասարակ օգտագործվում են մեկ նպատակով, որպեսզի հանրությունը հնարավորություն չունենա տեղեկանալու, թե ինչ գնով է պետությունը ձեռք բերել այս կամ այն զինատեսակը, իսկ ՊՆ-ի պարագայում վճարած գները թաքցնել պարզապես հնարավոր չի լինի: 

Եվս մեկ հարց էլ բարձրացնենք, որն ինքն իրեն պետք է տար Նիկոլ Փաշինյանը՝ ինչպե՞ս է Հայաստանում Կալաշնիկովի արտադրություն սկսելու մի ընկերություն, որի ղեկավարը «պերսոնա նոն գրատա» է Ռուսաստանում՝ 10 տարով: 

NEWSPRESS.am-ը Հորդանանից ստացել է դեռևս Հորդանանում արված, որոշ դեպքերում, պատռված անիվներով զենքերի լուսանկարները, որոնք շարքից դուրս բերված են եղել և որոնք հետագայում վերանորոգվել, արտաքին «դզման-փչման» պրոցեսի են ենթարկվել, գունափոխվել և ուղարկվել Հայաստան, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ հպարտ դեմքի արտահայտությամբ լուսանկարվել է դրանց ֆոնին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել