Մավրիտանիան զբոսաշրջության տեսանկյունից լավ պետություն է, սակայն մարդիկ, որպես կանոն, չեն շտապում այնտեղ հանգստանալ: Պատճառը մեկն է. Մավրիտանիայում դեռևս գործում է ստրկությունը: Դրան դժվար է հավատալ, սակայն դա է իրականությունը:

Ոչ պաշտոնական ստրկություն

Բնականաբար, իրավականորեն ու պաշտոնապես այստեղ ստրկություն գոյություն չունի: Դրանից իշխանությունները հրաժարվել են դեռևս 1980 թ.: Սակայն, ինչպես պարզվում է, այդ որոշումը թղթի վրա է մնացել: Գործնականում ստրկություն դեռևս գոյություն ունի. այնտեղ շարունակում են մարդկանց առուվաճառքով զբաղվել:

Իշխանությունները պարբերաբար փորձում են պայքարել այս երևույթի դեմ, սակայն նրանց միջոցները բավականաչափ արդյունավետ չեն, այդ իսկ պատճառով ժամանակի ընթացքում նրանք սովորել են պարզապես աչք փակել իրականության վրա:

Ամբողջ բնակչության շուրջ 20%-ը սկզբունքորեն զրկված է մի շարք հիմնական իրավունքներից: Նրանց գնում են, վաճառում, ստիպում ծառայել կոնկրետ մարդկանց: Ստրուկներ են դառնում հիմնականում սևամորթները, իսկ սեփականատերեր՝ սպիտակամորթ բերբերները: Այնտեղ անգամ ստրկության են առնում երեխաներին. նրանց պարզապես խլում են ծնողներից և իրացնում:

Մավրիտանիայում գոյություն ունեն հասարակական կազմակերպություններ, որոնք ստրուկներին օգնություն են առաջարկում: Սակայն այդ օգնությունը ոչ բոլորն են ընդունում. նրանք վախենում են և նախընտրում են մնալ իրենց տերերի մոտ:

Առավել հաճախ ստրկացնում են կանանց

Արական սեռի ստրուկները կատարում են ծայրահեղ ծանր ֆիզիկական աշխատանքներ: Իսկ կանայք կա՛մ ֆիզիկական աշխատանք են կատարում, կա՛մ բավարարում բերբերներին՝ նրանց հարճերը դառնալով: Ամեն ինչ կախված է կնոջ արտաքինից և տարիքից:

Եթե գեղեցիկ աղջկան ոչ մի բերբեր չի ցանկանում որպես հարճ վերցնել, ապա նրան պարզապես հասարակաց տուն են ուղարկում: Մշտապես մարմնավաճառությամբ զբաղվելու հետևանքով քայքայվում է ստրկուհիների առողջությունը. նրանք արագ ծերանում են, տարբեր հիվանդություններ ձեռք բերում: Երբ նրանց վիճակը շատ է վատանում, կանանց պարզապես փողոց են նետում: Արդյունքում կանայք սովից մահանում են:

Հարկ է նշել, որ ստրկուհիների հետ այնտեղ շատ վատ են վարվում: Նրանց մարդ չեն համարում, հաճախ բռնաբարում են, սպանում, իսկ իրավապահ մարմինները անգամ չեն էլ փորձում զբաղվել այդ հանցագործություններով:

Զարմացնում է նաև այն փաստը, որ նման կանայք երեխաներ են ունենում: Ինչո՞ւ՝ հասկանալի չէ: Հնարավոր է՝ նրանք պարզապես չունեն հնարավորություն պաշտպանվելու կամ աբորտ կատարելու. չէ՞ որ նրանց երեխաներին էլ նույն ճակատագիրն է սպասվում: Նման կանանցից ծնված երեխաներն իրենց հայրերին հարկավոր չեն, այդ իսկ պատճառով էլ ծննդյան պահից համարվում են ստրուկներ:

Իրավահավասարություն ստեղծելու ևս մեկ փորձ

2015 թ. տեղի իշխանությունները կրկին միջոցներ ձեռնարկեցին ստրկության դեմ պայքարելու: Այս անգամ նրանք խստացրին պատասխանատվությունը: Ստրկավաճառներին հայտնաբերեցին և խստորեն պատժեցին: Շատերը դատապարտվեցին մինչև 20 տարի ազատազրկման:

Ակտիվ պայքար սկսվեց այն բանից հետո, երբ պետության գլուխ նոր իշխանություն եկավ: Սակայն ստրկությունն ամբողջապես արմատախիլ անել Մավրիտանիայում դեռևս չի հաջողվել. ոմանք շարունակում են գաղտնի կերպով ստրուկներ պահել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել