Ռոբերտո Էսկոբարը որոշել է հերթական անգամ հանրության ուշադրությունը հրավիրել իր անձի վրա: Հայտնի նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբայրը դատական հայց է ներկայացրել Apple-ի դեմ՝ պահանջելով 2,6 միլիարդ դոլարի փոխհատուցում:

Հայցում նշվում է, որ Ռոբերտո Էսկոբարը iPhone X է ձեռք բերել 2018 թ., և գնումը կատարելու պահին Apple-ի աշխատակիցը նրան վստահեցրել է, որ դա «ամենաանվտանգ սմարթֆոնն է»: Հեռախոսի անվտանգության համակարգում առաջացած խնդիրների պատճառով մի չարագործ կարողացել է ստանալ Էսկոբարի անձնական տվյալները, այդ թվում՝ նրա բնակության վայրի հասցեն: Դրանից անմիջապես հետո Ռոբերտոյի հասցեով սկսել են սպառնալիքներ գալ, և նա ստիպված է եղել տեղափոխվել և մեծ գումարներ ծախսել՝ ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար:

Բոլոր այս տհաճությունները, ինչպես նաև բարոյական վնասը Պաբլոյի եղբայրը գնահատել է 2,6 միլիարդ դոլար: Նա հայտնել է, որ ինքնուրույն պարզել է, որ ամեն ինչի պատճառը եղել է FaceTime ծառայության խոցելիությունը:

Բացի այս բոլոր հայտարարություններից՝ Ռոբերտոն տեղեկացրել է նաև, որ պատրաստվում է թողարկել սահմանափակ քանակությամբ 256 ԳԲ հիշողության ծավալ ունեցող, ոսկեջրած ծածկ ունեցող iPhone 11 Pro: Նման մեկ սարքի արժեքը, ըստ Էսկոբարի, կկազմի 499 դոլար: Ռոբերտոն հայտնել է, որ այդ կերպ նա կպայքարի Apple-ի դեմ՝ սմարթֆոններն առավել ցածր գնով վաճառելով:

Էսկոբարը սիմվոլիկ և սկանդալային կայք է հիմնել՝ www.ripapple.com, որտեղ այցելելով՝ մարդիկ կհայտնվեն այն խանութում, որտեղից կկարողանան գնել Էսկոբարի սմարթֆոնները: Դա անել, բնականաբար, չի խրախուսվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել