AntiFake.am-ը գրում է․

AntiFake.am-ը շարունակում է կեղծ օգտահաշիվների մոնիթորինգը Ֆեյսբուքում, որի արդյունքները պարբերաբար ներկայացնում ենք հանրությանը։ Այս հրապարակմամբ կամփոփենք մինչ այս կատարված աշխատանքները։

Հայտնի է, որ Ֆեյսբուքի հայկական տիրույթում գործունեություն են իրականացնում հազարավոր ֆեյք օգտահաշիվներ, որոնք «աշխատում են» իշխանության տարբեր ներկայացուցիչներին «սատարելու» և հանրային աջակցության տպավորություն ստեղծելու համար։

Ըստ օդում կախված լուրերի` կեղծ օգտահաշիվները ստեղծվում և համակարգվում են «Ֆեյքերի ՊՈԱԿ» անվանումը ստացած վարչապետին կից կառույցում, որոնք իրականացնում են մի քանի գործառույթներ՝ հանրային աջակցության տպավորություն են ստեղծում իշխանական ներկայացուցիչների համար, ինչպես նաև հայհոյում, վիրավորում և ատելության կոչեր են տարածում իշխանության քննադատների վերաբերյալ։

Մեթոդաբանություն. Կեղծ օգտահաշիվների մշտադիտարկումն իրականացվել է իշխանության կարկառուն ներկայացուցիչների, ինչպես նաև իշխանության քարոզչական թեզերը առաջ տանող անձանց ֆեյսբուքյան էջերում։ Ուսումնասիրության առարկա է դարձել նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջը։

Մշտադիտարկումը իշխանության առանձին ներկայացուցիչների, ինչպես նաև իշխանության քարոզչական թեզերն առաջ տանող անձանց ֆեյսբուքյան էջերում իրականացվել է հետևյալ սկզբունքով. պատահականության սկզբունքով ընտրվել է ֆեյսբուքյան որևէ գրառում՝ հասկանալու համար, թե արդյո՞ք ֆեյքերի հայտնի բանակն աշխատում է տվյալ անձի համար։ Ընտրված գրառման հավանումներից կամ մեկնաբանություններից դուրս են բերվել սիմվոլիկ թվով կեղծ օգտահաշիվներ (100-200)` ցույց տալու համար, որ ֆեյքերի բանակն աշխատում է տվյալ անձի համար։

Իսկ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը մշտադիտարկման է ենթարկվել ավելի ինտենսիվ կերպով. ուսումնասիրության առարկա են դարձել վերջինիս գրառումները, Ֆեյսբուքով հեռարձակվող ասուլիսները, տեսանյութերը, տարբեր լրատվական հարթակների հրապարակումները, որոնցից դուրս են բերվել սիմվոլիկ թվով կեղծ օգտահաշիվներ (50-200)` ցույց տալու համար, որ ֆեյքերի բանակն աշխատում է բոլոր այդ հարթակներում։

Այսինքն՝ դուրս բերված կեղծ օգտահաշիվները այդ անձանց համար աշխատող ֆեյքերի բանակի ամբողջական ցուցակը չէ, այլ մի փոքրիկ մասը միայն՝ դրանց գոյությունը փաստելու համար։

AntiFake.am-ի կողմից առանձնացվել են այն ֆեյք օգտահաշիվները, որոնք Ֆեյսբուքի սահմանած չափանիշներով ամբողջությամբ դասակարգվում են ակնհայտ ֆեյք օգտահաշիվների ցանկին։ Գոյություն ունեն նաև օգտահաշիվներ, որոնք նման են իրական անձանց էջերին և ներառված չեն ցանկում։ Նման օգտահաշիվները բացահայտելն էլ ավելի դժվար է, քանի որ իրական անձի հետ շփոթելու հավանականությունը մեծ է։ Իրական էջի տպավորություն թողնող կեղծ օգտահաշիվների գործունեությունն ավելի վտանգավոր է, քանի որ այդ էջերը հեշտությամբ կարողանում են մանիպուլյացիաներ անել Ֆեյսբուքում։

Այսպիսով՝ մշտադիտարկման արդյունքում դուրս են բերվել ավելի քան 1600 կեղծ օգտահաշիվներ. թիվը, ինչպես արդեն նշեցինք, սիմվոլիկ է, քանի որ դա ֆեյքերի բանակի մի փոքր մասն է միայն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել