Արդեն իսկ առաջին հայացքից կարելի է արձանագրել, որ նույնիսկ այս մոդելը հաջողությամբ իրագործելու դեպքում իշխանությունները ֆիասկո են ապրելու: Փաստորեն հակասահմանադրական քայլերի դիմելով ու առանց Վենետիկի հանձնաժողովի տեսակետն ունենալու ՍԴ-ի հարցով հանրաքվե նշանակած ու հետո դա հեղափոխությանը «Այո» կամ «Ոչ»-ի հանրաքվեի վերածած իշխանություններն այս պահին պատրաստվում են բավարարվել երկու դատավորների թոշակի ուղարկելով: Իրավիճակը առավել զավեշտալի է դառնում այն ժամանակ, երբ պարզվում է, որ նույնիսկ այս դեպքում նրանք հաջողության մեծ շանսեր չեն կարող ակնկալել:
Դժվար չէ գուշակել, որ իշխանություններն իրենց ախորժակը յոթ դատավորներից երկու դատավորների իջեցնելով փորձում են մեղմել իրենց ձեռնարկած քայլի հակաօրինականությունն ու հակասահմանադրականությունը: Բայց կա մի պարզ իրականություն: Հակաօրինական արարքին տրվող գնահատականը որևէ ուղղակի կապ չի կարող ունենալ տվյալ արարքի ծավալի հետ: Փորձենք բացատրել: Օրինակ «ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունն» օրենքով «գողություն» է համարվում, անկախ նրանից թե յուրացված գումարը 1000 դրամ է, թե՝ մեկ միլիոն դրամ, թանկարժեք իր է, թե՝ ասենք հեղինակային իրավունք: Հանցավոր արարքի ծավալը կարող է ազդել դրա հեղինակի կրած պատասխանատվության չափի վրա, սակայն բուն արարքին տրվող գնահատականը մնում է անփոփոխ:
Վերադառնանք մեր թեմային: Վերը նշված մոդելն իրագործելու համար ամեն դեպքում պահանջվում է վերաշարադրել Սահմանադրության 213-րդ հոդվածը: Անկախ նրանից թե այդ վերաշարադրման արդյունքում թոշակի կանցնեն երկու, թե՝ յոթ դատավորներ, հիշյալ հոդվածում ցանկացած փոփոխություն համարվում է հակասահմանադրական ու հակաօրինական:
Թե ինչո՞ւ է 213-րդ հոդվածում ցանկացած փոփոխություն հակասահմանադրական ու հակաօրինական համարվում կարծում եմ բացատրության կարիք չունի: Այդ մասին ժամանակին բավարար քննարկումներ են եղել ու կարծես թե ներկայացված փաստարկներն այնքան համոզիչ էին, որ նույնիսկ «Իմ քայլը» խմբակցությանը մղեցին դեմ քվեարկել իր իսկ ներկայացրած նախագծին և օրենքն ու սահմանադրությունը խախտելու ամբողջ պատասխանատվությունը հանրաքվեի միջոցով դնել ժողովրդի ուսերի վրա: Բավարարվենք միայն երկու հիմնական փաստարկները վերհիշելով:
213-րդ հոդվածը անցումային շրջանի դրույթ է և մի անգամ գործադրվելուց հետո կորցրել է իր ուժը և տրամաբանորեն անիմաստ ու անհնարին է վերաշարադրել մի հոդված, որն այլևս գոյություն չունի: Միևնույն ժամանակ 213-րդ հոդվածի հիմքում ընկած է դատավորների անկախության անհրաժեշտությունը և դրա ցանկացած տեսակի վերաշարադրում կոպտորեն խախտում է միջազգայնորեն ընդունված այդ սկզբունքը:
Դրան զուգահեռ պիտի վերհիշել Վենետիիկի հանձնաժողովի անկախ իրավաբանների եզրակացությունը, որին անդրադարձել եմ իմ նախորդ գրառման մեջ: 2019 թվականի հոկտեմբերին հրապարակված հիշյալ եզրակացության մեջ հստակ կերպով նշված է, որ «Սահմանադրական դատարանի որոշ դատավորների վաղաժամ թոշակի անցնելու մասին առաջարկն առարկելի չի լինի միայն այն դեպքում, եթե այն լինի խիստ կամավոր»:
Հետևաբար օրենսդրական ցանկացած նախաձեռնությամբ որևէ դատավորի պարտադիր կերպով թոշակի ուղարկելը Վենետիկի հանձնաժողովը նույնպես համարում է առարկելի, անկախ նրանից թե ընդունված օրենքով թոշակի կուղարկվեն երկու, թե՝ յոթ դատավորներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել