Համաճարակն ու դրա հետ կապված համաշխարհային կարանտինը տակնուվրա են արել ողջ մարդկության պլանները: Անգամ գլոբալ գիտական նախագծերն են կասեցվել: Այսպես, օրինակ, որոշ պետություններ կրճատել են բևեռային այն հետախույզների թվաքանակը, որոնք ձմեռում էին Անտարկտիդայում: Իսկ այն գիտնականները, որոնք պետք է հերթափոխեին իրենց գործընկերներին, հայտնվել են ռիսկային գոտում, քանի որ եթե վիրուսը հայտնվի այդ մայրցամաքում, որը շուտով պատվելու է ցրտով և սառույցով, ապա իրավիճակը կարող է աղետալի լինել: Չնայած դրան՝ Անտարկտիդայում աշխատանքները շարունակվում են, սակայն կորոնավիրուսի համաճարակի և կարանտինի պատճառով այնտեղ հասնելն այնքան էլ հեշտ չէ. ուկրաինական հերթական արշավախմբի մասնակիցները կարողացել են իրենց կայարան հասնել միայն երրորդ փորձից հետո:

Հարավային կիսագնդում շուտով կսկսվի ձմեռը, իսկ դա նշանակում է, որ հարկավոր է կատարել վերջին աշխատանքները՝ կապված գիտնականների հերթափոխի և անհրաժեշտ սննդի ու գործիքների տեղափոխման հետ: 25-րդ անտարկտիկ արշավախմբի ուկրաինացի բևեռախույզները պետք է փոխարինեին իրենց գործընկերներին «Ակադեմիկոս Վերնադսկիյ» կայարանում: Մարտի կեսերին ողջ խումբը գնացել է օդանավակայան: Թռիչքը հետաձգվել է, բանակցություններ են սկսվել, որոնցից հետո գիտնականները վերջապես կարողացել են հասնել Ստամբու: Այնուհետև պետք է հասեին Կոլումբիա, սակայն օվկիանոսի վրայով թռիչք չի իրականացել. համաշխարհային կարանտինի և սահմանների փակ լինելու պատճառով բևեռային հետախույզները վերադարձել են տուն:

Հետագայում իրավիճակն էլ ավելի բարդացավ: Բևեռային հետախույզները, որոնք կայարանում անցկացրել էին գրեթե մեկ տարի, պետք է պարտադիր կերպով փոխարինվեին: Բարեբախտաբար, երկար բանակցությունների ու համաձայնությունների արդյունքում նոր բևեռախույզները կարողացան հասնել Չիլի՝ վայրէջք կատարելով Քաթարում: Չիլիական Պունտա-Արենասում նրանք անցկացրին երկու շաբաթ՝ կարանտինում գտնվելով, որպեսզի կանխեն մայրցամաք կորոնավիրուսը տանելը: Եվ միայն այն բանից հետո, երբ բժիշկները համոզվեցին, որ բոլոր գիտնականներն առողջ են, վերջիններս կարողացան շարունակել իրենց ճանապարհը:

Այսօր Անտարկտիդայում գտնվող բոլոր գիտնականները հետևում են խիստ ու հստակ կանոնների՝ նվազագույնի հասցնելու համար առողջական խնդիրներ ունենալու ռիսկը: Եվ եթե նախկինում հարևան կայարաններին գիտնականները կարող էին նրանց այցելել և ֆուտբոլ խաղալ, ապա համաճարակի պայմաններում անգամ դա է արգելվում: Մարդիկ սեղան նստելիս հեռավորություն են պահպանում, կրում են դիմակներ և հավատում են, որ կորոնավիրուսը ոչ մի բացասական ազդեցություն չի ունենա իրենց բազմամյա գիտական ծրագրերի վրա, որոնք այդքան կարևոր են մարդկության համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել