Pastinfo.am-ը գրում է․

Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է նախաքննական մարմնի կողմից թույլ տրված դատավարական խախտումների մասին , որոնք կապված են ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եղբոր՝ Գարիկ Մաշադյանի գործին: Վահան Հովհաննիսյանը չի բացառում, որ քննիչի գործողությունները կարող են պայմանավորված լինել Գարիկ Մաշադյանի ազգակցական կապերով՝ ոչ միայն ՊԵԿ նախագահի 1-ին տեղակալի եղբայրը լինելու հանգամանքով, այլեւ Մաշադյանների եւ ՀՀ  վարչապետի տիկին Աննա Հակոբյանի բարեկամական կապով:

Փաստաբանի փոխանցմամբ, խոսքը 2019 թվականի հոկտեմբերի 21-ին Վարդաշեն  2-րդ փողոցում տեղի ունեցած սպանության գործի մասին է:   Սպանության դեպքի առիթով նախ հարուցվել է քրեական գործ  ՀՀ քր. օր. 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, այսինքն՝ավազակային հարձակմամբ զուգորդված սպանություն, ապա արարքը վերաորակվել է՝ մեղադրյալի համար բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով: Իսկ արարքի վերաորակման հիմքում ընկել է մեղադրյալի ցուցմունքը:

«Դեպքից մեկ օր անց հայտնաբերվել է սպանություն կատարող անձը՝ Գարիկ Մաշադյանը, որը ցուցմունք է տվել այն մասին, որ գույքի հափշտակություն կատարելու նպատակով մուտքի չի գործել տվյալ բնակարան, այլ Ցողիկ Բադիկյանի հետ ունեցել է կենցաղային խնդիրներ, մասնավորապես, որոշ ժամանակ առաջ նրան պարտքով տվել է իր խաչը, վերադարձել է այն վերցնելու նպատակով , Ցողիկ Բադիկյանը չի վերադարձրել, տեղի է ունեցել քաշքշուկ , որի ընթացում դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Ցողիկ  Բադիկյանի մարմնի տարբեր հատվածներին, վերջինս  ընկել-մահացել է, ինքը դրանից հետո փորձել է փնտրել դարակներում ու պահարաններում  իր ենթադրյալ խաչը, սակայն չի գտել եւ  առանց որեւէ իր, գումար կամ առարկա հափշտակելու հեռացել է»,-ասաց փաստաբանը:

Նախաքննական մարմինը, Վահան Հովհաննիսյանի խոսքով, մեղադրյալի այդ ցուցմունքը  հաշվի առնելով,  արարքը վերաորակել է եւ Գարիկ  Մաշադյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քր. օր. 104-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝  սովորական սպանության համար: Ըստ  Փաստաբանի, էական հանգամանքն այն է, որ մեղադրանքի որոշման ու ցուցմունքի ձեւակերպումները ամբողջությամբ կրկնվում են. «Կարծես թե այդ ցուցմունք տվող անձը  եւ մեղադրանքի որոշում կայացնող անձը նույնն են, այսինքն, որեւէ այլ ապացույց, որեւէ այլ ապացույցից  բխող տեղեկատվություն կամ ինֆորմացիա մեղադրանքի որոշման մեջ չի օգտագործվում:

Դիցուք, մի օրինակ բերեմ, Գարիկ Մաշադյանը ցուցմունք է տալիս, թե բնակարան մուտք գործելուց հետո  ինչպիսի գործողություններ է կատարել,  ինչ է խոսել, տուժողն իրեն ինչ է պատասխանել, որից հետո ո՞ր հարվածը ե՞րբ է  հասցրել, ի՞նչ հաջորդականությամբ: Հիշյալ հատվածները  տառացիորեն տեղ են գտել մեղադրանքի որոշման մեջ, իսկ ամենահետաքրքիրն այն է, որ քննիչն ունի ապացույցներով հիմնավորված փաստ, որ  տեղի է ունեցել մի քանի միլիոն  արժողությամբ ոսկյա իրերի եւ կանխիկ գումարի հափշտակություն, սա ակնհայտ ապացուցված  իրողություն է քրեական գործով եւ մյուս կողմից ունի միայն Գարիկ Մաշադյանի ցուցմունքը,  առ այն, որ ինքն այդ իրերը  չի հափշտակել: Եվ, որպեսզի գործը չգնա  շահադիտական նպատակներով սպանություն կամ  ավազակային հարձակմամբ զուգորդված սպանություն չորակվի, իսկ դուք գիտեք, որ 2-րդ մասն արդեն ցմահ  ազատազրկում նախատեսող հոդված է,  քննիչը հիմք է համարում Գարիկ Մաշադյանի ցուցմունքը  եւ ընդունում է, որ այդ սպանության ժամանակահատվածում մեկ այլ անհայտ անձ, Գարիկ Մաշադյանից անկախ, մուտք է գործել տուժողի բնակարան  եւ հափշտակել ոսկյա զարդերն ու իրերը»:

Քննիչն, ըստ փաստաբանի, այս պայմաններում  քրեական գործից առանձնացրել է անհայտ անձի կողմից կատարված գողության վերաբերյալ մեկ այլ քրեական գործ, կասեցրել է այն, քանի որ այդ անհայտ անձը չի հայտնաբերվել, իսկ Գարիկ Մաշադյանին առաջադրված մեղադրանքը վերաորակել է  եւ քրօրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործն ուղարկել դատարան:

«Սա  նախադեպը չունեցող երեւույթ է: ՀՀ 30 տարվա պատմության մեջ այսպիսի դեպք չեք գտնի, գոյություն չունի »,-ասաց Վահան Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ քրեական գործի  ամբողջ նախաքննության ընթացքում քննիչը բազմաթիվ հանձնարարություններ է տվել օպերատիվ հետախուզական  մարմնին եւ հետաքննության մարմնից անգամ չի ստացել  որեւէ տեղեկատվություն այն մասին, որ բացի սպանության դեպքը, տեղի է ունեցել որեւէ  այլ՝ գողության դեպք, այսինքն, քննիչը գողության հանցագործության դեպքի մասին տեղեկատվություն չունենալով, հարուցել է քրեական գործ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել