«Հայկական ժամանակի» Անանուն Հոդվածագիրը մի չափազանց ուշագրավ հոդված է հրապարակել։
Հոդվածի ձևական շարժառիթը Դավիթ Շահնազարյանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պետական դավաճանության մեջ մեղադրելն է։
Այդ մեղադրանքին Անանուն Հոդվածագիրը պատասխանում է, թե «сам дурак» ու վաաբշե «էդ Շահնազարյանը վատ մարդա»։ Բայց սա ի միջի այլոց։
Բուն ասելիքն այն է, որ Անանուն Հոդվածագիրը նեղսրտում է, թե «а если завтра война, բա ո՞նց ենք անելու, ախր դրա համար պտի ներհասարակական համերաշխություն լինի, բա պիտի շուրջս համախմբվեք, իսկ դուք դա չեք անում քիչ չի, էն ասուլիսս էլ տապալվեց»։
Իյա, իրո՞ք։ Իսկ իշխանություններն ի՞նչ են արել, որ լինի ներհասարակական համերաշխություն։
Ասեմ․ ներհայկական թշնամանք են հրահրել; հեղինակավոր մարդկանց են անվանարկել; բիզնեսներն են փորձում խլել; ապօրինի քրեական հետապնդումներ են կազմակերպել; ռեկետով են զբաղվել; հայհոյախոսությունը, անդաստիարակությունը, մեծամտությունն ու ամբարտավանությունը դարձրել են պաշտոնական ոճ ևն, ևն։
Ու այդ ամենն անելուց ներհասարակական համերաշխությունից չեն խոսել։ Իսկ այ, երբ իրենց հակադարձում են, անսպասելի հիշում են համախմբման մասին։
Չէ, տենց չի լինում, որ «եկեք, ես ում քեֆս տա խփեմ, բայց իրանք թող չպատասխանեն ու ինձ աջակցեն»։ Համերաշխություն ցանկացողը պիտի համերաշխություն սերմաներ։ Ու դրա շանսը Նիկոլ Փաշինյանը երկու տարի առաջ ուներ, բայց սեփական փոքրոգության պատճառով նույնիսկ ի վիճակի չեղավ ըմբռնել, թե ինչպիսի առաքելություն է իրեն վիճակ ընկել։