ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը հրաժարական է տվել։

Էս փաստը շարժառիթ եղավ, որ խոսեմ ԿԳՄՍ-ում (Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) ամիսներ առաջ սկսված և մինչև օրս շարունակվող մի գործընթացի մասին, որի հիմնական դերակատարները երկուսն են։ Մի քանի ամիս լռել եմ՝ մտածելով, որ մարդիկ կտեսնեն ակնհայտ փաստերը, փորձել եմ հրապարակային «ցեխ չշպրտել» մի կառույցի վրա, որտեղ աշխատել եմ շուրջ կես տարի։ Բայց փաստերը այլ բան են ցույց տալիս։

Դեկտեմբերի 4-ին ԱԱԾ-ի կողմից բերման ենթարկվեց իմ վերադաս, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը։ Չեմ խորանում քրեական գործի մանրամասների մեջ, քանի որ իրավաբան չեմ, իսկ Գևորգի փաստաբանը երեկ շատ հանգամալից բացատրել է այդ գործի հետ կապված ամեն ինչ։ Հաջորդ իսկ օրը Լոռեցյանի պարտականությունները ժամանակավորապես սկսեց կատարել ԿԳՄՍ մեկ այլ նախարարի տեղակալ՝ Գրիշա Թամրազյանը։ Ես՝ որպես Գ․ Լոռեցյանի օգնական, պարտքս համարեցի պարոն Թամրազյանին տեղյակ պահել առկա մի քանի կիսատ գործերի մասին (ցանկանում եմ շեշտել, որ դա ուղղակի աշխատանքային պարտականությունների կատարում էր, ես չէի գնացել պարոն Թամրազյանի օգնականը դառնալու համար):

Գրիշա Թամրազյանը իմ ներկայացրած հարցերին տվեց կիսատ-պռատ պատասխաններ։ Հաջորդ օրերին ես կրկին փորձեցի որոշակի հարցերի մասին տեղյակ պահել նրան, բայց փոխարենը հանդիպեցի մի անձի, ով սպորտի ոլորտից բացարձակ բոբիկ է, առհասարակ չի տիրապետում ոլորտային ոչ մի բանի և մի քանի ծիծաղելի պնդումներ անում, մասնավորապես՝ այդ պահին քննարկվում էր ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Հաջիմուրադ Գացալովին ՀՀ քաղաքացիություն տալու հարցը, որպեսզի նա կարողանա 97 կգ քաշային կարգում ներկայացնել Հայաստանը և օլիմպիական ուղեգիր նվաճել։

Պարոն Թամրազյանը մի պնդում արեց, որից հետո ես մի կերպ զսպեցի զարմանքս և փորձեցի կոռեկտ պատասխան տալ։ Նա առաջարկում էր, որ Գացալովը ուղեգիր նվաճի որպես ՌԴ դաշնությունը ներկայացնող մարզիկ, մենք համոզված լինենք, նոր նրան ՀՀ քաղաքացիություն տրվի։ Մի կողմ եմ թողնում այն փաստը, որ պարոն Թամրազյանն առհասարակ տեղյակ չէր, որ ամեն քաշային կարգում երկրին տրվում է մեկ ուղեգիր, իսկ Ռուսաստանը վաղուց ունի այդ քաշային կարգում ուղեգիր, այլ նաև, որ ըմբշամարտում ոչ թե մարզիկն է նվաճում ուղեգիր, այլ երկիրը։ Ինչևէ։ Դա իմ առաջին մեծ զարմանքն էր։

Քանի որ խուզարկության արդյունքում մեր աշխատասենյակից առգրավել էին աշխատանքային համակարգիչը, ես և Գ․ Լոռեցյանի մյուս օգնականը փաստացի գնում էինք աշխատանքի՝ չանելով ոչինչ։ Համարյա մեկ ամիս շարունակ այդ մասին անընդհատ տեղյակ էինք պահում թե՛ գլխավոր քարտուղարի տեղակալին, թե՛ Ա․ Հարությունյանի խորհրդականներին։ Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Գ․ Թամրազյանի օգնականն ասում էր․ «Դուք գործ չուենք, մենք ամեն ինչ կանենք», այնինչ այդ օգնականը դժվար իրարից բռնցքամարտն ու հոկեյը տարբերի (այս պնդումը շատ հեշտ կարող եմ ապացուցել)։

Այդ ընթացքում կիսախայտառակ ձևով կազմակերպվում է 10 լավագույն մարզիկի ընտրության քվերակությունը, որի ժամանակ մարզիկների ստացած միավորները հաշվում ենք ՁԵՌՔՈՎ, քանի որ նույն Գրիշա Թամրազյանը հարկ չէր համարել ինձ կամ մյուս օգնականին տեղյակ պահել կազմակերպման ընթացքի մասին, իսկ իր ձևավորված հանձնաժողովում, մարդկանց կեսը չգիտեր՝ ինչի համար է հավաքվել։ Մասնավորապես, Թամրազյանը պնդել էր, որ հանձնաժողովում ներգրավվի Շահինյանի մարզադպրոցի տնօրեն Կարեն Մելքոնյանը՝ փոխարինելով մեկ այլ անդամի, քանի որ ինքը Կարենին ճանաչում է, և իր ընկերն է (եզրահանգումները թողնում եմ ձեզ)։ Ինչևէ, քվերակությունը անցավ, և պարզ եղան լավագույն 10 մարզիկները, և ես մինչև այս պահը վստահ չեմ, որ միավորները ճիշտ ենք հաշվել, քանի որ դա եղել է ձեռքով, և չի օգտագործվել համակարգչային ծրագիր, իսկ այդ քվեարկության արդյունքում մարզիկները պետությունից պարգևատրումներ են ստացել (կրկին եզրահանգումները թողնում եմ ձեզ)։

Պատմությունն իր հանգուցալուծումը ստացավ, երբ դեկտեմբերի 27-ին գլխավոր քարտուղարի տեղակալ Սամվել Մուրադյանը մեզ՝ ինձ և Գ․ Լոռեցյանի մյուս օգնականին ասաց․
- Դե, բալիկներ ջան, եկեք, դիմում գրեք։

Նշեմ, որ մինչ այդ ՀՀ վարչապետի որոշմամբ Գ․ Լոռեցյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։

Երբ Ս․ Մուրադյանին տեղյակ պահեցինք, որ օրենքը մեզ պաշտպանում է մինչև նոր նախարարի տեղակալի նշանակում, նա մեզ պատասխանեց, որ այդպես նախարարն է ուզում։ Պարոն Հարությունյանը մեզ ընդունեց, քանի որ այս անգամ գնացի նրա ընդունարան և խնդրեցի, որ մեզ ընդունի։ Իմ և մյուս օգնականի այն հացին, թե իրո՞ք նա է Ս․ Մուրադյանին այդպիսի բան ասել, Ա․ Հարությունյանը բացատրեց, որ այդպես լինում է, երբ վերադասի խոսքը ճիշտ չեն ընկալում և այլն, բայց մենք այս պահին ավել ծախս ենք ՀՀ բյուջեի վրա (իմ և մյուս օգնականի դրույքաչափը կիսվում էր, և յուրաքանչյուրս ստանում էինք մոտավորապես 123.900 ՀՀ դրամ աշխատավարձ 

Ա․ Հարությունյանին փորձեցի բացատրել, որ մեզ աշխատելու հնարավորությունից փաստացի զրկել է Գ․ Թամրազյանը, և որ ոլորտին չի տիրապետում, ինչին ի պատասխան պարոն նախարարը ասաց, որ գնահատականները կտրվեն, երբ Գ․ Լոռեցյանի գործով ամեն ինչ հստակեցվի, և հույս հայտնեց, որ նա կարդարացվի։

Ինձ համար երբեք նպատակային չի եղել ինչ-որ նախարարությունում աշխատելը, ինձ համար էական էր գաղափարը և հայկական սպորտում ինչ-որ բան անելու, փոխելու և շտկելու հնարավորությունը։ Ես մեկ տարի շարունակ փորձել եմ, սովորել եմ, օգնել եմ շատ բաներ հայկական սպորտում մի քիչ այլ կերպ անել, ինչը շատ փաստողներ կլինեն։ Ինձ համար էական էր բովանդակությունը, ոչ թե ձևը, որ ցանկացած մարզիկ ՀՀ-ում պաշտպանված լինի օրենքով և պետության կողմից ու կախված չլինի ոմանց անձնական գրպանից և անձնական քմահաճույքից։

Հունվարի 8-ին աշխատանքից ազատման դիմում ներկայացրի, իսկ մյուս օգնականը ներկայացրել էր դեկտեմբերի 30-ին։ Ես այլևս ազատ էի և սկսեցի ուսումնասիրել Գ․ Թամրազյանին և նրա գործունեությունը: Ի հայտ եկան շատ հետաքրքիր փաստեր նրա՝ Բրյուսովում պրոռեկտոր աշխատելու տարիների հետ կապված, ԵՊՏՀ ներկայիս ռեկտորրի ԺՊ Դիանա Գալոյանի հետ մտերմիկ կապի, ԵՊՏՀ ռեկտորի նախկին ԺՊ Ռուբեն Հայրապետյանի ազատաման հետ կապված (Ռ․ Հայրապետյանն այդ մասին գրել էր սեփական ֆեյսբուքյան էջում)։ Այսօր Սմբատ Գոգյանի հրաժարականն էլ փաստացի այդ թեմայի շարունակությունն է։

Գ․ Թամրազյանն այս ընթացքում չի տվել ոչ մի ասուլիս, հարցազրույց է տվել իր նախընտրած երկու լրատվամիջոցի, չի մասնակցել ոչ մի քննարկման։ Սպորտի ոլորտի հետ կապված կասկածելի որոշումներ են կայացվել, կասկածելի ֆեդերացիաների ֆինանսավորումներ են ավելացվել և այլն (ցանկը կարող եմ անվերջ շարունակել)։ Չեմ ուզում ավելի մանրանալ և ասել խոսել, թե ինչպես է Գ․ Թամրազյանը կազմակերպում իր աշխատանքը, ինչպես է մարզիկների հետ հանդիպումներ ունենում և փնովելով մյուսներին՝ ասում, որ ինքն է միակ «հարց լուծող տղեն»։ Էդ օրենքի ու փաստերի դաշտից չէ։

Արայիկ Հարությունյան, Ձեզ հրապարակային կոչ եմ անում լավ մտածել Ձեր տեղակալին անվերապահ վստահելուց առաջ։ Ի վերջո անձնական կապրիզների պատճառով ՀՀ-ում երկու շատ կարևոր ոլորտ ՊՌԱՎԱԼ է գնում։ Դեռ ուշ չէ ուշքի գալու և մասնագետների կարծիքը լսելու համար։ Ի դեպ, Ձեր տեղակալը Ձեզ սխալ է զեկուցում, թե ոլորտին տիրապետում է, պատրաստ եմ (ու ոչ միայն ես) ցանկացած հրապարակային բանավեճի ընթացքում ապացուցել դա։ Ջայլամի քաղաքականությունը Ձեզ ավելի խորը անդունդն է տանելու։

Հ․Գ․ Շահարկումներից խուսափելու համար․ ես ԿԳՄՍ-ում աշխատանք չեմ ուզում, ոչ էլ պաշտոն, սորոսական էլ չեմ։ 

Դե, հակահեղափոխական էլ դժվար լինեմ։ ։D

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել