Քաղաքական տեքստեր կարդալիս՝ հայտարարություններ, ելույթներ և այլն, պետք է ուշադրություն դարձնել ոչ թե, այսպես ասած, «լյա-լյա-լյու-լյու»-ին, այլ գործնական մասին և, այսպես ասած, «կոդային» բառերին:
Լրիվ տարբեր դիրքերից՝ գաղափարական, ներքաղաքական, արտաքին, հանդես եկող սուբյեկտները կարող են օգտագործել նույն «կոդերը», որոնք ավելի կարևոր են, քան այդ արտաքին դիրքերը:
Վերջին օրերին ունենք, կարծես, դրա օրինակը:
Արտաքուստ միանգամայն տարբեր, հակադիր կողմերում եղած կողմերից լսում ենք «ժամանակավոր կառավարություն», «անցումային կառավարություն», «նոր կառավարություն», «ազգային համաձայնության կառավարություն» և այլն կարգախոսը: Կրկնեմ՝ միանգամայն հակադիր դիրքերից է հնչեցվում: Բայց մեզ կարևորը դիրքը չէ, այլ «կոդը»:
Մեկը «գերհեղափոխական» դիրքերից կարող է դա արտաբերել, մյուսը՝ «հակահեղափոխական», մեկը՝ պայքարելով «Կրեմլի ագենտների» դեմ դիրքերից, մյուսը՝ «հանուն հայ-ռուսական դարավոր բարեկամության»: Մենք արձանագրում ենք ու հաշվի առնում ոչ թե այդ «հանուն»-ներն ու «ընդդեմ»-ները, այլ «ինչ անենք»-ը, որը համընկնում է, և դա է էականը:
Քաղաքական իրադարձությունների, ինչպես այսօր մոդա է ասել, «ինստիտուցիոնալ հիշողություն» ունեցողները, կհիշեն, որ այս կոդը նոր չէ: Այն մի պահ ակտիվ երևաց 2016-ի ամռանը, մի անգամ էլ՝ 2018-ի ամռանը, երբ որոշ խմբեր հեղափոխական դիրքերից արդեն վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանի կառավարությանը փորձում էին նեկայացնել ու կոչել «ժամանակավոր կառավարություն»: Դա երկար չտևեց, մոտավորապես 18-ի հունիս-հուլիսով ավարտվեց: Հիմա նորից մեյդան է ընկնում:
Հատվածներ «Վերլուծության արվեստը» երբեք չգրված ու երբեք չգրվելիք մտովի գրքից