Operativ.am-ը գրում է.

Ճապոնիայի իշխանությունները նախատեսվածից շուտ վերացրել են մինչեւ մայիսի 31-ին երկրի 47 պրեֆեկտուրայից 39-ում կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը, սակայն պահպանել են այն մի քանի շրջաններում, ներառյալ մայրաքաղաքում: Այս մասին հինգշաբթի Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք չեղարկում ենք արտակարգ դրությունն ամբողջ Ճապոնիայում, բացառությամբ յոթ պրեֆեկտուրաների Կանտոյի, Կանսայի շրջաններում, ինչպես նաեւ Հոկայդոյի հյուսիսային պրեֆեկտուրայի»,- ասել է Աբեն:

Արտակարգ դրության ռեժիմը կշարունակի գործել Տոկիոյում եւ հարակից խիտ բնակեցված պրեֆեկտուրաներում՝ Կանագավայում, Սայտամայում եւ Տիբայում: Դրանք միասին կազմում են, այսպես կոչված, Մեծ Տոկիոյի գոտին: Սահմանափակող միջոցները ուժի մեջ կմնան նաեւ Ճապոնիայի արեւմտյան Կիոտո, Օսակա եւ Հյոգո պրեֆեկտուրաներում, ինչպես նաեւ հյուսիսային Հոկայդո պրեֆեկտուրայում: Մարզերում, որտեղ արտակարգ դրությունը պահպանվել է, գրեթե 60 միլիոն մարդ է ապրում, որից 38 միլիոնը բնակվում է մայրաքաղաքում եւ հարակից պրեֆեկտուրաներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել