Hraparak.am-ը գրում է․

«Յուքոմ» ընկերության տնօրեն Արա Խաչատրյանից փաստաթղթեր եւ մեքենայում առգրավումներ կատարելու դեմ պաշտպանական կողմը բողոքել է դատախազություն։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արամ Օրբելյանը։

Ըստ նրա՝ բողոքարկել են նաեւ խուզարկության որոշումը․ «Արա Խաչատրյանը զուտ պարզաբանման համար էր կանչվել, ունի վկայի կարգավիճակ։ Իր մոտից խուզարկության արդյունքում որոշակի փաստաթղթեր ու համակարգիչ էին առգրավել, ինչի հետ կապված բողոք է ներկայացվել դատախազին, քանի որ համակարգիչը «Յուքոմ» ընկերության տնօրենի համակրգիչն էր, եւ այդտեղ մենք որոշակի խնդիր ենք տեսել։ Այս պահի դրությամբ բողոքները ներկայացրել ենք, ու
դրանից հետո դետալացված կարող եմ Ձեզ ասել։ Խուզարկություն թույլ տալու հետ կապված դատարանի որոշումն է բողոքարկվել եւ քննիչի գործողությունները խուզարկություն կատարելու հետ կապված։ Դատարանի որոշման մեջ նախատեսված էր այլ մեքենայի համար, այնինչ խուզարկությունը կատարվել է Արա Խաչատրյանին պատկանող այլ մեքենայի համարի մեքենայում, եւ դատարանի որոշմամբ համակարգիչ նախատեսված չէր»։

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացրել «Յուքոմ» ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում, ապա՝ «Յուքոմ» ընկերությունում։ Արա Խաչատրյանը ԱԱԾ է հրավիրվել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ու նրա որդիների վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել