Pastinfo.am-ը գրում է․

«Տավուշի ուղղությամբ արձակված կրակոցներն, իհարկե , նորություն չեն եւ փաստում են այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է հակամարտությունը որոշակի սրության աստիճանի պահելու իր քաղաքականությունը եւ այս փուլում դա արվում է մի պարզ պատճառով, քանի որ պաշտոնական Բաքուն տեսնում է ճնշում հայկական կողմի վրա՝ զիջումների գնալու տեսանկյունից»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք –Շահնազարյանը՝ անդրադառնալով նախօրեին, սահմանամերձ Տավուշի Բերքաբեր համայնքի ուղղությամբ արձակված կրակոցներին:

Քաղաքագետի խոսքով, անհամապատասխանություն կա մի կողմից Երեւանի գնահատականների, որը կառուցողական է գնահատում Ադրբեջանի դիրքորոշումը, որը Ալիեւին համարում է քաղաքակիրթ եւ Ադրբեջանի գնահատականների միջեւ, որը անգամ այս խոսքերի մեջ է այդ անհամաձայնությունը շեշտադրում:

«Այսինքն, այնպես չէ, որ Ադրբեջանը համաձայն է Փաշինյանի այդ կառուցողական մոտեցումներին եւ նույն կերպ է պատասխան տալիս, իսկ սահմանին կրակում է: Քաղաքագետը շեշտում է՝ ագրեսիվ է նաեւ Ադրբեջանի պահվածքը հենց բառամթերքի տեսակետից, երբ գրեթե նույն պահին, ժամերի համընկնմամբ Փաշինյանը Ալիեւին կառուցողական էր կոչում, իսկ Ալիեւը ռուսական «Տասս» գործակալությանը տված հարցազրույցում Փաշինյանի քաղաքականությունը ցինիզմ էր անվանում:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր. «Ես,օրինակ, Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում եմ, որ ինքը տրամադրված ա եւ ուզում ա հարցի լուծման , մենք էլ ենք կառուցողական տրամադրված, իրենք էլ....» :

«Այս տեսանկյունից ակնհայտ է, որ անհամաձայնությունները եւ խնդիրները շատ ցայտուն երեւում են, ինչը վկայում է այն մասին, որ պաշտոնական Երեւանի գնահատականներն ու արձագանքները ադեկվատ չեն ստեղծված իրավիճակին»,-կարծում է քաղաքագետը:

Ինչ վերաբերվում է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի արձագանքին իրեն Լավրովի հայտարարությունների վերաբերյալ հարց ուղղած քաղաքացու հետ զրույցի ժամանակ, ինչի տեսանյութը նախօրեին տարածվեց սոցցանցերում քաղաքագետն ասաց. «Ինձ իսկապես շատ անհանգստացնում է, որ մեր երկրի թիվ մեկ դիվանագետին կարելի է այդքան շուտ հունից հանել եւ նա սկսում է ըստ էության այնպիսի վարքագիծ դրեսեւորել, որը հատուկ չէ դիվանագետներին»

Նշենք, որ տեսանյութում ԱԳ նախարարը զայրանում է իրեն ուղղված այն հարցից, թե արդյոք բանակցությունների սեղանին փուլային տարբերակն է, ինչպես հայտարարել էր ՌԴ ԱԳ նախարար Լավրովը:

« Մնացականյանը չի կարողանում խիստ զրույցների մասնակցել, մենք դա տեսանք BBC-ի հայտնի Ծանր զրույցի ժամանակ եւ ըստ էության, նույն իրավիճակն է, երբ մի փոքր ճնշում են գործադրում, նա սկսում է կորցնել ինքնատիրապետումը կամ փախչել պատասխաններից, ինչը վտանգավոր երեւույթ է պատերազմական սպառնալիք ունեցող ցանկացած պետության համար»,-նշում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Երկրորդ անհանգստացնող հանգամանքը, ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հակառակ կողմին է վերաբերում, երբ քաղաքացին, ըստ էության կարողանում է պատերազմով երկրի ԱԳ նախարարին սադրանքի ենթարկել եւ սադրանքը ինքնին հնարավոր է: «Սա մտահոգիչ փաստ է, որովհետեւ չեմ բացառում, որ նման բաներ էլի կարող են կրկնվել եւ վտանգավոր կլինի, եթե դա տեղի ունենա դրսում, օրինակ, ի՞նչ կլինի, երբ Մնացականյանը հայտնվի Մամեդյարովի վիճակում, երբ ազգությամբ հայ քաղաքացիները օդանավակայանում սկսել էին իրեն հարցեր տալ»:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին եւ Լավրովի հայտարարությանը, ըստ քաղաքագետի, ՀՀ ԱԳ նախարարն անընդհատ հղում է անում Բուդապեշտի անհասկանալի հայտարարություններին, բայց այդ հայտարարությունները պատասխանը չեն այն քաղաքական հայտարարությունների, որոնք հնչել են Սերգեյ Լավրովի շուրթերից:

«Լավրովը հստակ ասում է, որ բանակցվում է փուլային տարբերակը, իսկ մենք տարիներ շարունակ գիտեինք, որ փուլային տարբերակը, ըստ էության Ադրբեջանի մշակած օրակարգն է, երբ նախատեսվում է տարածքների զիջում Ադրբեջանին ՝ առանց որեւէ լուրջ երաշխիքների: Հիմա, եթե հայկական կողմն ասում է, որ մենք միեւնույնն է, դա չենք ստորագրելու, դա եւս մարտավարություն է, բայց կարծում եմ՝ վտանագվոր մարտավարություն է այն իմաստով, որ բանակցությունների արդյունքում պաշտոնական Երեւանը դառնալու է բանակցությունների արդյունքները չկատարող կողմ, ապակառուցողական է դառնալու եւ դրանով իսկ ճնշումների է ենթարկվելու արդեն ոչ միայն Ադրբեջանի, այլեւ բանակցությունների մասնակից միջնորդ երկրների կողմից, ինչն արդեն իսկ կա»:

Ըստ քաղաքագետի, փաստորեն, մենք մեզ փակուղային իրավիճակում ենք դրել եւ մեր դիվանագիտության հույսն էլ հենց նրա վրա է կառուցվում, որ որքան հնարավոր է խոսենք պատերազմ չսկսելու մասին, վերջում չենք ստորագրի եւ ինչ կլինի, կլինի: «Ահա այդ «ինչ կլինի, կլինի»-ն ամենավտանգավոր զարգացումն է, որը կարող ենք ակնկալել բանակցային պրոցեսին եւ ի վերջո, պարտվել բանակցություններում չի նշանակում գնալ եւ այդ թուղթը ստորագրել, դա նշանակում է՝ հայտնվել մի իրավիճակում, երբ բոլորը անխտիր քեզնից ինչ-որ բան են պահանջում, իսկ եթե չես անում այդ պահանջը, փորձում են ուժով պարտադրել»,-եզրափակում է քաղաքագետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել