Aravot.am-ը գրում է․
ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի զեկույցի ներկայացման ժամանակ իշխանականների «հարձակումները» նմա՞ն են Մարդու իրավունքների երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանի դեմ այն ժամանակ իշխանական մեծամասնության՝ ՀՀԿ-ի պատգամավորների «հարձակումներին»:
Aravot.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասաց. «Այն, ինչ տեղի ունեցավ այսօր ԱԺ-ում՝ մի փոքր տարբերվում է նախորդ այդ դեպքից: Բովանդակությամբ կարող է նույնն էր, բայց հռետորաբանությամբ տարբերվում է: Այսօրվա իշխանությունը, հանձինս Նիկոլ Փաշինյանի, չի ընդունում ընդհանրապես որեւէ կարգի քննադատություն իր հասցեին: 88 պատգամավորները, որոնք դարձել են քաղաքական գործիչ եւ պատգամավոր միմիայն իր շնորհիվ եւ զգալով իրենց առաջնորդի վերաբերմունքը քննադատության նկատմամբ՝ նրանք փորձում են առավել հաճոյանալ եւ ծառայել առաջնորդին, քան նույնիսկ դա պահանջվում է»:
«Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն իր ելույթում ընդգծված վատ տոնով քննադատեց Թաթոյանին, թե խտրական վերաբերմունք ունի ու կանանց քիչ է անդրադարձել: Ինչին ի պատասխան՝ Թաթոյանն արձագանքեց. «Չհամարձակվեք մյուս անգամ ձեր ձայնը բարձրացնել մարդու իրավունքների պաշտպանի վրա, մյուս անգամ չփորձե՛ք իշխանական դիրքերից խոսել ՄԻՊ-ի հետ ու չփորձե՛ք սպառնալ ՄԻՊ-ին: Կան իրավական պատասխանատվության բոլոր մեխանիզմները: Դուք նույնիսկ չեք տիրապետում, որ ՄԻՊ-ը չի աշխատում կանոնադրությամբ»:
Ավետիք Իշխանյանի դիտարկմամբ՝ դա նույնպես առաջնորդին հաճոյանալու դրսեւորում էր. «Այդ հարձակումը, որ եղավ ինչ-որ մի երիտասարդ պատգամավորի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ, կարծում եմ, այդ համատեքստում է: Ավելին ասեմ՝ հավանաբար այդ երիտասարդը փոշմանել է, որ նախորդ նիստում աչքի չի ընկել Էդմոն Մարուքյանին խփելով եւ հավանաբար շատ կուզենար այսօր Արման Թաթոյանին հարվածեր, որպեսզի ցույց տար իր հավատարմությունը: Նրա այդ խոսքը այդ համատեքստում եմ ես դիտարկում՝ հավատարմության ցուցադրում…Նա կամ Արտակ Մանուկյան, ըստ էության նույնն բանն է»:
Հարցին՝ Արման Թաթոյանին կարո՞ղ է սպառնալ հրաժարական, ինչպես եղավ Կարեն Անդրեասյանի դեպքում՝ Ավետիք Իշխանյանը պատասխանեց. «Առայժմ այդ տպավորությունը չկա: Բայց այն, որ քննադատությունը, մանավանդ, եթե նայում ենք հստակ վիճակագրությունը, թե ինչքան շատ է եղել ՄԻՊ-ին բողոքների քանակը, աննախադեպ քանակի է եղել, ապա ես չեմ բացառում, որ ներքուստ զայրույթը կարող է քայլ առ քայլ արտահայտվել նաեւ այդ պահանջով: Չեմ բացառում, շատ հնարավոր եմ համարում»:
Իշխանականները դժգոհում էին Արման Թաթոյանից, որ խտրական վերաբերմունք ունի: Ավետիք Իշխանյանի խոսքով՝ Արման Թաթոյանի պատասխանը դրան շատ գրագետ ու ճիշտ էր. «Սա ցույց է տալիս այդ պատգամավորների մեղմ ասած անիրազեկությունը, թե ինչ է նշանակում մարդու իրավունքներ: Ես պետք է կրկնեմ Թաթոյանի ասածը՝ մարդու իրավունքները պետություն-մարդ հարաբերություններն են ու ՄԻՊ-ը ոչ թե պետք է իշխանության ներկայացուցչին պաշտպանի, այլ պետք է պաշտպանի իշխանությունից դուրս քաղաքացու իրավունքները, որոնք խախտվում են իշխանությունների կողմից: Ես կուզենայի հիշեցնել, որ երբ հայտնի ծաղրատեսահոլովակը հրապարակվեց վարչապետի մասին, ինքը կարող էր չարձագանքել, բայց Մարդու իրավունքների պաշտպանը անընդունելի համարեց վարչապետի նկատմամբ այդ վերաբերմունքը: Դա մոռացել էին: Կարող էր ի պաշտոնե չարձագանքել»:
Ըստ Ավետիք Իշխանյանի, Հայաստանում ընդհանրապես իշխանությունները ՄԻՊ-ի նկատմամբ միշտ ունեցել են ոչ դրական վերաբերմունք, որովհետեւ նրանք չեն կարողացել պատկերացնել, որ կարող է լինել պետական հաստատություն, որը կարող է իրենց քննադատել: Ի վերջո, Մարդու իրավունքների պաշտպանը ստեղծված է այն գաղափարի համար, որ պետք է քննադատի պետության կողմից խախտումները: Մի դեպքում կարող է Մարդու իրավունքների պաշտպանը չքննադատել իշխանություններին, եթե այդ երկրում մարդու իրավունքների խախտումներ ընդհանրապես չլինեն, կամ այնպիսի բռնապետական երկիր լինի Հայաստանը, որ ՄԻՊ-ը ընդհանրապես չհամարձակվի քննադատել իշխանություններին: Այդ երկու ծայրահեղությունների մեջ մենք ո՛չ այն ենք, ո՛չ այն ենք: Բայց մեր իշխանությունները ամեն դեպքում չեն կարողանում համակերպվել, որ կարող է լինի պետական կառույց, որ իրենց քննադատի: Եթե չլիներ ԵԽ պահանջը այդ ինստիտուտը ստեղծելու, ես չեմ կարծում, որ Հայաստանում որեւէ իշխանություն կամավոր կստեղծեր այդ ինստիտուտը, անկախ պետական կառույցը»: