Գիտնականների միջազգային խումբը հրապարակել է Մարոկկոյի հարավ-արևելքում վերջին 100 տարվա ընթացքում կատարված ամենամեծ պեղումների արդյունքները: Գտածոները վկայում են այն մասին, որ 100 միլիոն տարի առաջ այս շրջանում ապրել են երբևէ հայտնի դինոզավրերից երեք ամենախոշորները, ինչպես նաև այլ վտանգավոր գազաններ:
Բնական բազմազանությանը նպաստել է գետային լայն համակարգը: Գիշատիչների մեծ մասին գրավում էին գետերում ձկների առատ պաշարները, այդ թվում՝ ցելականտների և պրոտոպտեների պաշարները:
Գիտնականներն ընդգծում են իրենց կատարած ուսումնասիրության կարևորությունը, քանի որ վերջին անգամ Աֆրիկայում խոշոր որոնողական աշխատանքներ կատարվել էին գերմանացի հնէաբան Էռնստ Ստրոմերի կողմից դեռ 1936 թ.:

Վերջերս Սահարայում հայտնաբերել են նաև 18 հազար մարմնական մնացորդներ: Այդ ոսկրերը պատկանել են հնագույն սողուններին, թռչուններին, կաթնասուններին ու ձկներին, որոնք գոյություն են ունեցել 10-14 հազար տարի առաջ: Գտածոները թույլ են տվել գիտնականներին առավել մանրամասնորեն վերականգնել Սահարայի աստիճանական անապատացման պատկերը:
Սահարան տարածքով աշխարհի երկրորդ ամենամեծ անապատն է Անտարկտիկայից հետո։ Այն գտնվում է հյուսիսային Աֆրիկայում՝ Կարմիր ծովից մինչև Ատլանտյան օվկիանոս և Ատլասի լեռների հարավային լանջերից ու Միջերկրական ծովից մինչև Սուդան ընկած հատվածում:



