Սկսվել է նոր կորոնավիրուսի համաճարակից դուրս գալու Միջազգային հաղթական մրցավազք: Երկու ժամվա ընթացքում դոնորների առցանց համաժողովի ընթացքում մասնակիցները պարտավորվել են ներդնել 7,4 միլիարդ եվրո: Գումարը կուղղվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հնարավորինս արագ մշակմանը, որը որոշ ժամանակ անց, հուսով են, հասանելի կլինի ողջ աշխարհում: Այս մասին հայտնում է euronews-ը:

«Մենք դեռ նոր ենք սկսում գլոբալ բարեգործական մրցավազքը: Նպատակը մի տանիքի տակ առղջապահական բոլոր այն կազմակերպություններին հավաքելն է, որոնք միջոցներ են ձեռնարկում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում»,- ասել է մրցավազքի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

Գումար ստացվել է, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնից՝ 744 միլիոն ֆունտ, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյից՝ 850 միլիոն դոլար, ամերիկացի Մելինդա Գեյթսից՝ 100 միլիոն դոլար:

Հավաքված միջոցները կուղղվեն ոչ միայն պատվաստանյութի մշակմանը, այլև կորոնավիրուսի բուժմանն ու թեստավորմանը՝ համապատասխանաբար 4,2 և 1,5 միլիարդ եվրո:

Որոշ երկրներում հարյուրավոր լաբորատորիաներ աշխատում են պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ, սակայն միայն լավագույնները կստանան պետական միջոցներ:

«Մենք ստիպված ենք պատվաստանյութերից ընտրել միայն ամենախոստումնալիցները, ամենաարդյունավետները, որոնք կթողարկվեն մեծ քանակությամբ: Դրանով կզբաղվի ոչ միայն պատվաստանյութը ստեղծող ընկերությունը, այլև աշխարհի տարբեր երկրներում գտնվող այլ ընկերություններ, որոնք կօգնեն վերջինիս և կավելացնեն քանակությունը»:

Պատվաստանյութը, ամենայն հավանականությամբ, կհայտնվի մոտ 18 ամիս անց, և մինչ այդ առավել շատ միջոցների անհրաժեշտություն կզգացվի:

ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարները ակցիային չեն մասնակցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել