Երկիր մոլորակի վրա ապրում են հսկայական քանակությամբ գիշատիչ կենդանիներ, որոնց միայն արտաքինը սարսափ է առաջացնում մարդու մոտ: Իսկ ահա այն արարածները, որոնց մասին կխոսենք, ամենևին էլ ահարկու տեսք չունեն, սակայն ավելի վտանգավոր են, քան շատ այլ գիշատիչներ: Հենց այդ կենդանիներին էլ մեծ ուշադրություն է հարկավոր դարձնել, երբեմն էլ խուսափել դրանցից:
Համաձայն կատարված ուսումնասիրությունների արդյունքների՝ ամեն տարի շնաձկները հարձակվում են ընդամենը 10 մարդու վրա: Ծովային այս գիշատիչը, որից սարսափում են մարդիկ, այնքան էլ վտանգավոր չէ: Վագրերի հարձակումից տարեկան մահանում է շուրջ 25 մարդ: Կոկորդիլոսների պարագայում թիվն ավելի բարձր է՝ շուրջ 1,000 մարդ: Իսկ ահա քաղցրահամ ջրի խխունջների պատճառով յուրաքանչյուր տարի մահանում է առնվազն 200,000 մարդ:
Ինչպե՞ս է դա հնարավոր: Բանն այն է, որ այս կենդանիները շատ վտանգավոր մակաբույծ-օրգանիզմներ են: Նրանք մարդուն վարակում են սարսափելի հիվանդությամբ՝ շիստոսոմոզով: Զոհերի թվով այս հիվանդությունը հեշտությամբ կարող է մրցել մալարիայի հետ:
Հելմինտների, որոնք առաջացնում են հիվանդությունը, կենսական ցիկլը հետևյալն է. մակավույծի ձվերի՝ հեղուկի մեջ հայտնվելուց անմիջապես հետո դրանք վերածվում են փոքրիկ որդերի, որոնք մտնում են խխունջի հյուսվածքների մեջ և սկսում են զարգանալ: Երբ ցիկլն ավարտվում է, խխունջներից դուրս են գալիս փոքրիկ որդ-մակաբույծներ, որոնք ունակ են ազատ տեղաշարժվելու: Հենց դրանք են հայտնվում մարդկանց, կաթնասունների ու թռչունների մաշկի մակերևույթին:
Հիվանդության առկայության դեպքում ախտահարվում են մարդու միզուղիները կամ աղիները: Ախտանշանների թվում կարող են լինել փորլուծությունը, արյունոտ կղանքը կամ արյան առկայությունը մեզում: Երկար ժամանակահատվածի ընթացքում ախտահարված անձանց մոտ կարող է առաջանալ լյարդի վնասվածք, երիկամների խանգարում, անպտղություն կամ միզապարկի քաղցկեղ: Երեխաների մոտ այն կարող է հանգեցնել թերաճության և սովորելու դժվարությունների: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում շիստոսոմազով վարակված է ավելի քան 207 միլիոն մարդ: Ավելին՝ ռիսկային գոտում է գտնվում շուրջ 700 միլիոն մարդ, որոնք շփում ունեն վարակված ջրերի հետ: Վարակը սպառնում է զարգացող երկրների աղքատ շրջանների բնակիչներին, որոնք զրկված են մաքուր ջրին հասանելիությունից:
Էկոտուրիզմի զարգացման պայմաններում, երբ մարդիկ այցելում են վայրի ու ոչ քաղաքակիրթ երկրներ, ռիսկային գոտում են հայտնվում հենց իրենք՝ զբոսաշրջիկները:



