Անկախ քաղաքական զարգացումների սրության աստիճանից, անկախ մարդկանց անձնական դիրքորոշման կտրուկ բնույթից՝ պատիվ և արժանապատվություն ունեցող հասարակությունն իրավունք չունի քարկոծելու իր արժանավորներին: Սրիկայության գագաթնակետն է քարկոծել կամ անվանարկել նրանց, ովքեր բարձր են պահել Հայաստանի Հանրապետության եռագույնը միջազգային և համաշխարհային հարթակներում:

Ըմբշամարտի աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը սպորտային ֆենոմեն է: Հենց նրա շնորհիվ մենք քսան տարի ընդմիջումից հետո ունեցանք օլիմպիական չեմպիոն: Արթուրի նման մարզիկները պետական և հասարակական գնահատանքի են արժանանում բոլոր քաղաքակիրթ պետություններում, իսկ մեզ մոտ պատկերը դարձյալ ծուռ հայելու էֆեկտ է տալիս` չեմպիոնին ներքաշելով ներքաղաքական ինտրիգների մեջ:
Քաղաքական կամ ընկերական շփումների պատճառով մարդուն «իզգոյ» դարձնելը ոչ միայն բարոյազրկություն է, այլև հակասում է հայի ազգային կերպարին ու խառնվածքին:

Մեր հայկական մենթալիտետին հարիր չէ, որ տրանսգենդեր մարզիկի մասին պետական միջոցներով ֆիլմ են նկարահանում, իսկ տղամարդկային ընդգծված հատկանիշներով մարզիկին փորձում են թիրախավորել: Սա աբսուրդ է, երբ տրամաչափ չունեցողներն իրենցից բարձր գտնվողներին ուզում են ցածրացնել, սա մի նողկալի երևույթ է, որը պատիվ չի բերում մեր ազգին:

Խստորեն դատապարտում եմ Արթուրի դեմ իրականացվող սև քարոզչությունը, կոչ եմ անում սթափվել և տեր կանգնել հայեցի, տղամարդկային, ավանդական արժեքներին, հայի պատվին ու արժանապատվությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել