Hraparak.am-ը գրում է․
Մարտի 17-ին, երբ կարանտինը նոր էր սահմանվել, տեղեկացրել էինք, որ իշխանությունները որոշել են ապավինել նախկինների աջակցությանը եւ ԱԺ-ում փակ քննարկում են կազմակերպվել, որին հրավիրված են եղել ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, հանրային ֆինանսների մասնագետ Հովհաննես Ավետիսյանը, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը եւ մտադիր են ձեւավորել մասնագիտական հանձնաժողով, որտեղ իրավիճակը մեղմելու ելքեր կառաջարկվեն։
Մենք փորձեցինք պարզել, թե այս ընթացքում ինչ քայլեր են ձեռնարկվել։ Պարզվեց՝ ոչ մի հանդիպում հետագայում չի եղել։ Վաչե Գաբրիելյանը մի փոքր մանրամասնեց․ «Այն ժամանակ պաշտոնական քննարկում ունեցել ենք։ Ինչպես նաև որոշ մարդկանց հետ, անուններ չտամ, պարբերաբար քննարկումներ ունենում ենք՝ ոչ պաշտոնական կանալներով։ Բայց սա միշտ էլ կար, ինչ-որ նոր բան չի եղել»։
Հարցրեցինք՝ խորհուրդնե՞ր են հարցնում։ Ասաց՝ պարտադիր չէ, կարող է՝ խորհուրդ հարցնեն, կարող է՝ տեղեկություն ճշտեն։ Տնտեսագետներին հարց ուղղեցինք՝ իսկ ինչպե՞ս են վերաբերվում կարանտինի վերացմանը։ Աշոտ Խուրշուդյանն ասաց, որ հիմա այն պահն է, որ ավելի լավ է՝ խոսեն համաճարակաբանները, քան տնտեսագետները․ «քանի որ եթե տնտեսագետները որոշում կայացնեն, հնարավոր է՝ սխալ որոշում կայացնեն»։
Վաչե Գաբրիելյանն ասաց․ «Ես միանշանակ վստահ չեմ բացելու վրա, քանի որ առողջապահական դեպքերի քանակությունները կարող են աճ ունենալ»։ Իսկ գուցե կառավարությունն իր հաշվարկնե՞րն ունի, Գաբրիելյան ասաց․ «Չեմ կասկածում, որ կունենան, բայց քանի հրապարակված չեն՝ չեմ տիրապետում։
Հիշեցինք նաեւ, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կապակցությամբ Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը հայտնել էր, որ բանկերն ունեն անհանգստություն՝ բանկում գրավադրված գույքի ապահովությունը դառնում է ռիսկային: Տնտեսագետներին հարցրինք` ի՞նչ վիճակում կհայտնվի այն բանկը, եթե իրավապահները որպես ապօրինի՝ որոշեն բռնագանձել և պետականացնել մի գույք, որը տվյալ բանկում գրավի առարկա է: Վաչե Գաբրիելյանն ու Խուրշուդյանը չցանկացան կարծիք հայտնել, երկուսն էլ ասացին, որ ծանոթ չեն ոչ օրենքին, ոչ Սարգսյանի մեկնաբանությանը։