Վստահաբար յուրաքանչյուրս էլ կյանքում գոնե մեկ անգամ լսել ենք հետևյալ արտահայտությունը. «Ես մայր Թերեզան չեմ»: Դա ասում է այն մարդը, որը չի ցանկանում բոլորին անխտիր օգնել՝ մոռանալով իր ու իր ցանկությունների մասին: Սակայն այս պարագայում մի հետաքրքրքական հարց է ի հայտ գալիս. իսկ մայր Թերեզան իսկապե՞ս այն բարեգութ կինն է եղել, որի մասին մենք այդքան լսել ենք:
1910 թ. Մակեդոնիայում ծնվեց մի աղջիկ, ում անվանեցին Ագնես Գոնջե Բոյաջիու: Նա ընտանիքում երրորդ երեխան էր: Մայրը բավականին բարի անձնավորություն էր, ով իր ողջ կյանքը նվիրել էր աղոթքներին ու աստվածահաճությանը: Նա իր տուն էր հրավիրում կարիքավորներին, որդեգրել է 6 երեխայի: Հայրը, ցավոք, մահացավ, երբ Ագնեսն ընդամենը 9 տարեկան էր:

Ագնեսը, հետևելով հոր ու մոր օրինակին, ևս ցանկանում էր օգնել կարիքավորներին: Նա 18 տարեկանում տեղափոխվեց Իռլանդիա և ընդունվեց մենաստան: Այնուհետև փոխեց անունը՝ դառնալով «Թերեզա»: Ավելի ուշ տեղափոխվեց Հնդկաստան, որտեղ 20 տարվա ընթացքում, ինչպես և երազում էր, օգնեց մարդկանց:
Մայր Թերեզան ստեղծեց քույրերի ժողով, որն օգնում էր կարիքավորներին: Աղքատ մարդկանց համար հիմնվեցին դպրոցներ, հիվանդանոցներ, մանկատներ: Օգնում էին բոլորին՝ առանց բացառության, հաշվի չառնելով հավատքն ու ռասան: 1965 թ. մայր Թերեզայի քույրերի ժողովը տարածում գտավ ողջ աշխարհում: Այսօր դրա գործունեությանը հետևում են վերահսկող մարմինները՝ որոշակի պատճառներից ելնելով:

Երբ սկսում ես ուսումնասիրել մայր Թերեզայի կենսագրությունը, չգիտես ինչու, անվստահության զգացում է առաջանում: Օրինակ՝ 1988 թ.՝ Հայաստանում ուժգին երկրաշարժի ժամանակ, մայր Թերեզան շտապեց օգնության, սակայն հայրենի քաղաքում՝ Սկոպիեում, երկրաշարժից հետո նա հրաժարվեց որևէ օգնություն ցույց տալ. անգամ աղետի վայր չայցելեց: Թե որն էր պատճառը, անհայտ է մինչ օրս:
Տարաձայնություններ կան նաև «Մահացողների համար տների» վերաբերյալ: Այդ տներում պետք է օգնություն ցույց տրվեր կարիքավորներին, կերակրեին նրանց, հիվանդանոց տեղափոխեին անհրաժեշտության դեպքում: Քրիստոֆեր Հիչենսն իր գրքում նշում է, որ մայր Թերեզային հովանավորում էին բանդիտները, խարդախները, որոնք նրա հաշվին գումարներ էին փոխանցում: Եվ միայն այդ գումարների 7%-ն էր բաժին հասնում օգնություն տրամադրելուն, իսկ մնացածն ուղղվում էր Վատիկանի հաշվին՝ նույնպիսի «տներ» հիմնելու համար: Այս մասին գրվել է նաև 1991 թ. «Stern» ամսագրում:

Քրիստոֆերը նաև նշում է, թե ինչպիսին էին պայմանները նման «տներում»՝ հիմնվելով դրանց աշխատակցուհիների խոսքերի վրա: Ցուցաբերվող օգնությունը ոչ պրոֆեսիոնալ էր, ներարկիչները բազմանգամյա օգտագործման էին և չէին ստերիլիզացվում: Իսկ եթե մարդուն օգնություն էր հարկավոր լինում, Թերեզան հրաժարվում էր նրան հիվանդանոց տեղափոխել՝ վստահեցնելով, որ փրկության միակ եղանակը տառապանքներին դիմանալն է: Սակայն երբ հենց ինքը հիվանդացավ, միանգամից ուղևորվեց Ամերիկայի ամենահեղինակավոր հիվանդանոց:
2016 թ. Վատիկանում մայր Թերեզային դասեցին սրբերի շարքին:



