Armdaily.am-ը գրում է․
Հայաստանում քաղաքական մշակույթը, բանավեճը իջել է ասեկոսեների մակարդակի, ասենք, թե ինչպես Հրայր Թովմասյանը մեջքից գրկեց Ալեն Սիմոնյանին, թե ինչպես Հրայր Թովմասյանը գրիչ նվիրեց Նիկոլ Փաշինյանին։ Այս ասեկոսեների վրա կառուցվում է քաղաքականությունը և մարդիկ միամտաբար այդ ասեկոսեների վրա, ըստ իրենց համակրանքների և հակակրանքների, տեսություններ են ստեղծում։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն՝ անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, թե որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ցանկություն է հայտնել տեսակցել իր հետ և հանդիպման ժամանակ առաջարկել է սիմվոլիկ գումար փոխանցել Հայաստանի հիմնադրամներից որևէ մեկին, ինչի դիմաց նա կազատվի քրեական գործերի հետ կապված քաշքշուկներից։
Իշխանյանն ընդգծեց, որ եթե հաշվի առնենք Գագիկ Խաչատրյանի և նրա որդիների շուրջ պատմությունները, եթե հաշվի առնենք, թե ինչպես Արմեն Ավետիսյանը ինչ-ինչ գործարքնենրի արդյունքում հյուրանոց նվիրեց պետությանը, չբացառելով, որ եթե նա այդ հյուրանոցը չնվիրեր, ապա իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ ևս քրեական գործեր կհարուցվեին, հետևաբար, Մինասյանի ասածներում գուցե կա ճշմարտություն։
«Սակայն կարծում եմ մենք այդպես էլ չենք պարզի, թե որտեղ է այդ ճշմարտությունը ու մարդիկ, հասարակական-քաղաքական գործիչներ էլի ըստ իրենց համակրանքների և հակակրանքների են մի դեպքում պաշտպանելու Նիկոլ Փաշինյանին, մյուս դեպքում՝ Արթուր Վանեցյանին, մեկ այլ դեպքում՝ Միքայել Մինասյանին»։
Միքայել Մինասյանի ուղիղ եթերից անմիջապես հետո հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԺ նախագահի կինը՝ Գոհար Աբաջյանը, ով իր ֆեյսբուքյան էջում հաղորդում էր ներկայացնում հանցագործության մասին։
«Միքայել Մինասյանը պնդում է, որ Արթուր Վանեցյանը իրեն հակաօրինական առաջարկ է արել` լինելով ԱԱԾ ղեկավար: Կարծում եմ իրավապահ մարմինները պետք է արագ զբաղվեն նախկին ԱԱԾ ղեկավարի պաշտոնեական լիազորությունների չարաշահման մասին հաղորդմամբ»,-գրել էր Աբաջյանը:
Իշխանյանն, անդրադառնալով այս հայտարարությանը, նշեց, որ եթե մի կողմ դենք Միքայել Մինասյանի ասածների հավաստիությունը, ապա ենթադրենք Արթուր Վանեյանը շարունակում էր մնալ ԱԱԾ տնօրեն և այս պարագայում հնչեր Մինասյանի խոսքը՝ այդ դեպքում Գոհար Աբաջյանը այդպիսի գրառում կանե՞ր, թե ոչ։
«Իհարկե՝ ոչ, Գոհար Աբաջյանը կպաշտպաներ Վանեցյանին և կպնդեր, որ Վանեցյանն այն սպան է, որ այդպիսի բան չէր անի և այս ամենը սուտ է։ Քանի որ հիմա Վանեցյանը իշխանությունների «աչքի փուշն է», ապա սլաքներն ուղղվում են դեպի Վանեցյանը։ Հետևաբար, այստեղ խոսում է, ոչ թե տրամաբանությունը, այլ քաղաքական շահը։ Ինչ վերաբերվում է պաշտոնական դիրքի չարաշահմանը, ապա եթե այդ ամենը ճիշտ է, ապա առաջին հերթին պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանինն է, սակայն սա բացարձակապես չի նվազեցնում Վանեցյանի պատասխանատվությունը, քանի որ անկախ այն բանից՝ ցուցում եղել է, թե ոչ՝ այդ ցուցումը անօրինական է եղել, իսկ սպան չպետք է անօրինական ցուցումը կատարեր»,-ասաց Իշխանյանը։
Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները ֆիքսվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում և ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և տեսանյութում նշվող հանգամանքներին իրավական գնահատականներ տալու հանձնարարությամբ։