Հայտարարություն

Նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պայքարի հարցում ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցներն ակնհայտորեն տապալված են՝ պայմանավորված ապաշնորհ կառավարմամբ:

Հայտարարված արտակարգ դրության իրավական գործիքները կիրառվել են և կիրառվում են թերի, ժամանակավրեպ, առանց համապարփակ բժշկական, տնտեսագիտական և իրավական վերլուծությունների, ինչի մասին են վկայում ինքնամեկուսացման, ազատ տեղաշարժի իրավունքների անիմաստ և չիրականացված սահմանափակումները, սոցիալ-տնտեսական օրեցօր վատթարացող իրավիճակը, բժշկական միջոցառումների անարդյունավետությունը (անկախ բուժաշխատողների ազնիվ ու ազգանվեր աշխատանքից), ինչը փաստում են վարակակիրների թվի աճը, առողջացածների մոտ հիվանդության կրկնությունը, մահվան դեպքերի աճը:

Արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո «COVID-19 Հայաստան» փաստահավաք խումբը մանրամասն կներկայացնի փաստեր, որոնք հերթական անգամ կապացուցեն կառավարության անփույթ, անպատասխանատու և անլուրջ գործելաոճն ինչպես մինչև արտակարգ դրություն հայտարարելն, այնպես էլ դրանից հետո:

Մինչ այդ արձանագրենք, որ կառավարության համառ դժկամությունը կամ պարզապես անկարողությունը՝ իրականացնելու արդյունավետ միջոցառումներ ոլորտների արհեստավարժ մասնագետների օգնությամբ, վկայում է այն մասին, որ մարդկանց պաշտպանությունը համավարակից թողնվել է մարդկանց հույսին, պարզ ասած՝ կառավարությունը որդեգրել է Օստապ Բենդերի կողմից հնչեցված «Спасение утопающих, это дело рук самих утопающих» սկզբունքը:

Նման անպատասխանատու, ոչ արհեստավարժ մոտեցման հետևանքները կարող են լինել աղետալի, ինչի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է կառավարությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել