Ողբալի տեսարանի ականատես եղանք, երբ նորից պետության ղեկավարը կոչ արեց մարդկանց օգնել իրենց սոցիալապես անապահով հարևաններին (Լևոն Տեր-Պետրոսյանից հետո նման խայտառակության ականտես չէինք եղել):

Նորից հիշեցնենք պ-ն վարչապետին, որ պետությունն իրավունք չունի փախչելու մարդկանց նկատմամբ ստանձնած սոցիալական պարտավորություններից ու այդ պատասխանատվությունը դնել մասնավոր մարդկանց ուսերին, դա անթույլատրելի է:

Սակայն այս ամենի մեջ ինձ ավելի շատ ոչ թե պետության կողմից պարտավորություններից խուսափելու հերթական փորձն է անհանգստացնում (այդպիսի բաների սովոր ենք), այլ Ն. Փաշինյանի վարքը հոգեբանական տեսանկյունից. փաստորեն, այդ մարդը հավատում է, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կհետևեն իր կոչին. դա շատ վատ է, դա ցույց է տալիս, որ տվյալ անձնավորությունը լրիվ կտրվել է իրականությունից, նրան թվում է, որ եթե 2 տարի առաջ հարյուրհազարավոր մարդիկ հետևում էին իր կոչերին, ուրեմն հիմա նույնպես կհետևեն, նա չի գիտակցում, որ լիցքավորված մարդկանց բազմությունը, որը 2 տարի առաջ դուրս էր եկել փողոց, կհետևեր ցանկացած մեկի կոչին, որը այդ պահին կներկայանար որպես առաջնորդ՝ անկախ այն բանից՝ այդ մարդը առաջնորդի ինչ-որ հատկություն ուներ, թե չուներ, և ընդհանրապես, անկախ այն բանից, թե այդ մարդը մտածելու տարրական ունակություն ուներ, թե չուներ: Հավաստիացնում եմ ձեզ, որ եթե այդ պահին Փաշինյանի փոխարեն այն մեծախոս երեխային հռչակեին հեղափոխության առաջնորդ, որը ներկայանում էր որպես հայի ու հնդիկի երեխա, ապա այդ լիցքավորված ամբոխը նրա հետևից կգնար ու կհետևեր նրա կոչերին ճիշտ այնպես, ինչպես որ հետևում էր Նիկոլի կոչերին և չէր էլ նայի, որ տվյալ երեխան նույնիսկ իր հասակակիցների չափանիշներով, մեղմ ասած, խիստ սահմանափակ է:

Այնպես որ եկեք Փաշինյանին կրկին հիշեցնենք, որ ժողովուրդը վաղուց դուրս է եկել ամբոխացման վիճակից ու նորից սկսել է ուղեղով մտածել, հետևաբար իրեն հարկավոր է անհապաղ դուրս գալ ամբոխի առաջնորդի այդ ծիծաղելի վիճակներից, այլապես կսայթաքի, և 2 տարի առաջվա հրապարակներում հավաքված հարյուրհազարավոր մարդկանցից անգամ մեկ հոգի չի գտնվի, որ կանգնի իր կողքին ու օգնության ձեռք մեկնի իրեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել