Կառավարությունը ապրիլի 23-ի նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառումը: Այն նախատեսում է օժանդակել բուհերի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող ավարտական կուրսի ուսանողներին, որոնց ՄՈԳ-ը կազմում է 90 և ավել տոկոս: Ծրագիրն այս տեսքով կտարածվի ընդամենը 3500 ուսանողի վրա: Մնացած բոլոր ուսանողներին Կառավարությունն առաջարկում է տարբեր տոկոսային կետերով սուբսիդավորել նրանց ուսանողական վարկերը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը գտնում է, որ սա խիստ հատվածական լուծում է: Արտակարգ դրության և մի շարք սահմանափակումների պատճառով ուսանողները զրկված են ակնկալվող եկամտի աղբյուրից: Խնդիրը սոցիալական բնույթի է, և ուսանողի բարձր առաջադիմությունը, որը տվյալ պարագայում առաջնային պլան է մղվել, արդարացված չէ:

Սրան հավելյալ՝ 90 և ավելի բարձր ՄՈԳ ունեցող ուսանողներն արդեն իսկ սովորում են անվճար հիմունքներով, կամ բարձր առաջադիմության հիմքով հովանավորվում են տարբեր կրթական հինադրամների կողմից:

Բացի այդ, հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողներն առհասարակ դուրս են մնացել միջոցառումից:

Հաշվի առնելով այս առնչությամբ ուսանողների կողմից բարձրաձայնված խնդիրները և Կառավարության միջոցառման հատվածականությունը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը նախատեսում է արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրություն հայտարարելու դեպքում վճարովի հիմունքներով սովորողների ուսման վարձի վճարումը հետաձգել մինչև 3 ամսով:

Կարծում ենք սա արդար մոտեցում կլինի ուսանողների հանդեպ՝ սոցիալական խնդիրների հաղթահարման առումով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել