Pastinfo.am-ը գրում է․

Երևանի ավագանու նախկին անդամ, «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանի ստացած տեղեկություններով՝ Ռուսաստանում հայկական դրոշմապիտակով ծխախոտ է վաճառվում։ Նրա դիտարկմամբ՝ առկա են կոռուպցիոն գործընթացների հետ կապված կասկածներ, քանի որ ծխախոտն արտահանվելու դեպքում այն չի կարող ունենալ հայկական դրոշմապիտակ:

«Հարցում էի ուղարկել Պետական եկամուտների կոմիտե՝ ճշտելու, թե 2019թ-ի սկզբին որքան ծխախոտ է ներկրվել Հայաստան և որքան է ներկրվել նախկինում։ Պարզվեց, որ 2019թ-ի սկզբին և դեկտեմբերի վերջին ներկրման թիվն ավելացել է 60 անգամ: 2020թ-ի ներկրումների թվերը նույնպես շատ բարձր էին»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ մինչ այդ Առողջապահության նախարարությունից տեղեկացել էր, որ հակածխախոտային պայքարի համար 100 մլն դրամ է ծախսվում։ «Եթե հակածխախոտային պայքար ենք իրականացնում, ծախսում ենք 100 մլն դրամ, սրճարաններում, ռեստորաններում արգելում ենք, որ մարդիկ չծխեն, ապա ինչու է այդքան շատ ծխախոտ ներկրվում Հայաստան»,- արձանագրեց մեր զրուցակիցը։

Հասարակական գործիչը փորձել է պարզել նաեւ արտահանվող ծխախոտի ծավալները ու հարցում ուղարկել մաքսային ծառայություն, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել, թե քանի տուփ ծխախոտ է արտահանվում եւ կարծում է, որ այստեղ դիսոնանս կա:

«Մեծ քանակությամբ ծխախոտ է ներկրվում, բնական է՝ չի սպառվում և մաքսային ծառայությունն էլ թաքցնում է, թե որքան ծխախոտ է արտահանվել: Ծանոթանալով որոշ տեղեկություններին՝ հասկացա, որ այստեղ կապ կա իշխանությունների՝ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի ու Հրաչյա Հակոբյանի հետ»,-ասաց «Առողջ հանրություն» ՀԿ նախագահը։ Ըստ նրա, Փաշինյանի խոսքերով օդում կախված լուրերի համաձայն՝ Հայաստանից Ռուսաստան 40 տոննա մաքսանենգ ծխախոտով բեռնված ինքնաթիռը պատկանել է ռուսական ԱԻՆ-ին:

Հղում կատարելով նույն օդում կախված լուրերին՝ մեր զրուցակիցը նշեց, որ մի կազմակերպություն կանտրաբանդային ապրանք է արտահանում Հայաստանից. «Յուրաքանչյուր տուփի համար 10 դոլար են վճարում, սակայն, ներքաշելով Հրաչյա Հակոբյանին, եկել են համաձայնության եւ ևս 3 դոլար Հակոբյանին են տվել, 2 դոլար՝ մաքսանենգ ճանապարհով արտահանող կազմակերպությանը: Այս տեղեկությունները Հրաչյա Հակոբյանը պետք է հերքի կամ հաստատի: Փաշինյանն իշխանության գալով ասաց, որ այլևս կոռուպցիա չկա, բայց փաստացի տեսնում ենք, որ հենց իրենք են կոռուպցիայով զբաղվում և սա պետական համակարգային կոռուպցիա է»:

Երևանի ավագանու նախկին անդամի խոսքով, մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանելով դրա եկամուտների մի որոշ մասը մտնում է պետական բյուջե և, ըստ օդում կախված հավաստի լուրերի, խոսքը ամսական շուրջ 15 մլն դոլարի մասին է, որը տարեկան շուրջ 150-170 մլն դոլար է կազմում:

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունն աշխատանքից ազատել է 12 հազար քաղաքացու և ստացվում է, որ պետական բյուջեն լցվում է ոչ թե աշխատատեղերն ավելացնելով ու ներդրումներ անելով, այլ նմանօրինակ տարբերակներով»,-ասաց Խաչատրյանն՝ ընդգծելով, որ սա կարող է նաեւ ազդել Հայաստանի միջազգային վարկանիշի վրա ու Հայաստանը կկորցնի ներդրողների համար իր գրավչությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել