XVI դարի վերջում իտալացի հոգևորականները հանգուցյալների արտաշիրիմման ժամանակ անհավանական բացահայտում արեցին: Դիերը հանվեցին Պալերմո քաղաքում գտնվող վանքի գերեզմանոցից:

Հողն ու կլիման՝ բնական կոնսերվատորներ

Մարմիններից շատերը մումիֆիկացվել են բնական ճանապարհով: Ամեն ինչ պայմանավորված էր տեղի հողով ու կլիմայով, որոնք որպես խոչընդոտ են դարձել մարմինների տարրալուծման համար: Հայտնաբերումից հետո հոգևորականները որոշեցին մումիֆիկացնել մահացածներից մեկին՝ նրա մարմինը տեղադրելով հենց այդ գերեզմանոցում: Ժամանակի ընթացքում այնտեղ բազմաթիվ այլ մարդկանց թաղեցին, հիմնականում՝ քաղաքի հարուստ բնակիչներին:

Ավելի ուշ ստորգետնյա գերեզմանում թաղվելը «վեհության» խորհրդանիշ դարձավ: Հանգուցյալներին տարբեր եղանակներով մումիֆիկացնում էին թաղելուց առաջ:

Ինչպես կթելադրի նորաձևությունը

Հոգևորականներին թաղում էին իրենց ամենօրյա հագուստով: Իսկ ահա որոշ քաղաքացիներ հատուկ կտակներ էին գրում, որոնցում նշում էին, թե ինչ հագուստով են ցանկանում թաղվել: Եղել են դեպքեր, երբ մարդիկ կտակում պահանջել են, որ իրենց մարմինները յուրաքանչյուր եղանակի հանվեն, և նորաձև հագուստ հագցվեն դրանց: Մահացածների հարազատները պարբերաբար այցելում էին ստորգետնյա գերեզմանոց, աղոթքներ կարդում և կատարում հանգուցյալների՝ կտակում նշված ցանկությունը:

Բիզնես

Հոգևորականները քաղաքացիներից մեծ գումարներ էին վերցնում ստորգետնյա գերեզմանոցում նրանց հարազատներին թաղելու համար: Մինչև գումարի ամբողջական վճարումը մումիֆիկացված մարմինները հատուկ վայրում էին պահվում, և տեղափոխվում էին գերեզմանոց միայն վճարումը ամբողջապես կատարելուց հետո:

Միայն XIX դարի վերջում Իտալիայում արգելեցին թաղման նման եղանակը: Սակայն վերջին թաղումը, այնուամենայնիվ, կատարվել է 1920 թ. : Թաղվել է երկուամյա աղջնակ:

Թանգարան ոսկրերի վրա

Հարյուրավոր զբոսաշրջիկներ այցելում են այստեղ ամեն օր: Գերեզմանոցում պահվում է ավելի քան 8,000 մարմին: Թանգարան-գերեզմանոցի սրահները բաժանված են մի քանի հատվածի՝ կախված հանգուցյալների սեռից, տարիքից ու սոցիալական դիրքից:

Մարմիններից շատերը կենդանի մարդկանց տեսք ունեն: Չնայած որ այս վայր շատ հաճախ են այցելում, այնտեղ լուսանկարահանելն ու տեսանկարահանելն արգելվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել