Այսօր գոյություն ունեն բազմաթիվ ֆուտուրիստական ճարտարապետական նախագծեր: Ճարտարապետները ստեղծում են ոչ միայն աշտարակների կոնցեպցիաներ, որոնք դեպի երկինք են ձգտում, այլև ամբողջական ուղղահայաց քաղաքներ, որոնք մինչև 1,000 մ բարձրություն ունեն:

Սակայն նման նախագծեր սկսել են ի հայտ գալ դեռ նախորդ դարի կեսերին, երբ 300 մ բարձրություն ունեցող երկնաքերներ աշխարհում ընդամենը մի քանի հատ կային:

Այն ժամանակաների ամենահետաքրքիր մտքերից մեկն այսպես կոչված Նիկիտին-Տրավուշի աշտարակի կառուցումն էր: Առաջին հերթին ուշադրության էր արժանի աշտարակի նախատեսվող բարձրությունը՝ 4,000 մ:

Հարկ է նշել, որ կոնցեպցիայի հեղինակները պարզապես մարդիկ չէին, որոնք ցանկանում էին ապագայի ուղղահայաց քաղաք նկարել: Նիկոլայ Նիկիտինը 1966 թ. հասցրել էր մասնակցել Մոսկվայի պետական համալսարանի շենքի նախագծմանը, որն այն ժամանակ ամենաբարձրներից մեկն էր համարվում աշխարհում: Նա նաև մշակել էր Վարշավայի գիտության ու մշակույթի շենքի հիմքը. այդ շենքը մինչև 1990 թ. համարվել է ամենաբարձրը Եվրոպայում: Ինչ վերաբերում է Վլադիմիր Տրավուշին, ապա նա այդ պահին դեռ երիտասարդ՝ 30-ամյա մասնագետ էր:

4 մ բարձրություն ունեցող ամենաբարձր կառույցի նախագիծը մշակվել է հատուկ Ճապոնիայի համար կղզային պետության ընկերություններից մեկի հատուկ խնդրանքով: Շինությունը պետք է տեղավորեր մինչև 500 հազար մարդու: Շենքը նախագծվել է կոնի տեսքով:

Հարկ է նշել, որ դա ոչ թե պարզապես ապագայի վերաբերյալ պատկերացումներից ելնելով արված պատկեր էր, այլ լիարժեք նախագիծ՝ բոլոր հաշվարկներով: Չէ՞ որ կառույցն ուներ իրական պատվիրատու, ով լրջորեն մտածում էր այն օգտագործելու մասին: Սկզբում ճապոնական կողմը խորհրդային նախագծողներին խնդրեց կրճատել բարձրությունը՝ հասցնելով 2 կմ-ի, ապա՝ 550 մ-ի: Սակայն անգամ այդ գաղափարը հնարավոր չեղավ կյանքի կոչել: Նիկիտինն այդ պահանջներից հետ կորցրեց հետաքրքրությունը նախագծի նկատմամբ և թողեց աշխատանքը 1969 թ.:

Ավելի ուշ Նիկիտինի և Տրավուշի գաղափարը դրվեց նոր նախագծի՝ X-Seed 4000-ի հիմքում, որի կառուցման համար, ըստ գնահատականների, անհրաժեշտ կլիներ մոտ $1 տրիլիոն: Սակայն Taisei Construction Corp-ը, ներկայացնելով այդ նախագիծը 2007 թ., ընդգծել է, որ այն ստեղծվել է միայն իր ընկերության փիառի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել