Գիտնականների միջազգային խումբը հրապարակել է Մարոկկոյի հարավարևելյան հատվածում գտնվող Կեմ-Կոմ կոչվող մանր ժայռերում ապրող ողնաշարավորներին վերաբերող ամենախոշոր ուսումնասիրությունը:

Շուրջ 100 միլիոն տարի առաջ այս շրջանը տուն է եղել գետերում բնակվող ջրային, ինչպես նաև ցամաքային բազմատեսակ կենդանիների համար: Հայտնաբերված մնացորդները պատկանում են հայտնի դինոզավրերից երեք ամենախոշոր տեսակի ներկայացուցիչներին, այդ թվում՝ կարխարոդոնտոզավրին:

Այս հսկան տարբեր գնահատականներով ունեցել է 8-13 մ երկարություն ու կշռել է 6,2-15,1 տոննա: Նրա հսկայական վերջույթները մկրատ են հիշեցնում, իսկ ատամների երկարությունը հասնում է մինչև 20 սմ-ի: Կարխարոդոնտոզավրերը կենսական տարածքը կիսել են բոլոր ժամանակների ամենախոշոր դինոզավրերի՝ միչև 13 մ երկարություն ունեցող դելտադրոմեուսների և մինչև 16 մ երկարություն ունեցող սպինոզավրերի հետ: Ըստ գիտնականների գնահատականների՝ նրանք համատեղ գոյություն են ունեցել 20 միլիոն տարի շարունակ:

Բացի դրանից՝ Կեմ-Կեմ ժայռախմբում հայտնաբերել են նաև թռչող ու ցամաքային սողունների մնացորդներ: Ըստ Պորտսմուտի համալսարանի գիտնական ու հետազոտության համահեղինակ Դավիդ Մարտիլի՝ գիշատիչներից շատերը սնվել են ձկների պաշարներով:

Հայտնաբերված ողնաշարավորների մեծ մասը, բացառությամբ պտերոզավրերի ու դինոզավրերի, ապրել են բացառապես կամ մեծ մասամբ ջրային միջավայրում:

Տվյալների ու մնացորդների պատկերների մեծ արխիվներ հավաքելու համար Նիզար Իբրահիմը այցելել է տարբեր երկրներում գտնվող Կեմ-Կեմ տեսակի ժայռախմբեր: Տվյալներն ի սկզբանե ներառվել են նրա դոկտորական դիսերտացիայում:

Ուսումնասիրթյան հեղինակները նշում են, որ սա ամենածավալուն ուսումնասիրությունն է Սահարայում 1936 թ. կատարված հետազոտությունից հետո, երբ հայտնի գերմանացի հնագետ Էռնստ Ֆրայխեր Շտրոմեր ֆոն Ռայխենբախը հրապարակեց իր խոշորագույն գիտական աշխատությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել