Pastinfo.am-ը գրում է․
Սովորաբար տարվա մեջ կան որոշ օրեր, երբ ադրբեջանցիներն ու թուրքերն ակտիվանում են, դրանցից մեկն էլ հենց ապրիլի 24-ն է, երբ նրանք փորձում են հարձակումներ գործել և հայկական կայքերի, և օգտատերերի հաշիվների վրա կամ արդեն իսկ կոտրված հաշիվները փորձում են ներկայացնել որպես այդ օրը կոտրված։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։
Նրա խոսքով այն մարդիկ, որոնք անվտանգության պատասխանատուներն են, լավատեղյակ են, թե ինչ է կատարվում և այդ օրերին պարզապես ավելի աչալուրջ պետք է լինեն, որպեսզի այդ հարձակումներն օգուտ չունենան. «Ժամանակին տարիներով չէին կարողանում որեւէ պետական կայք կոտրել, բայց հիմա իշխանության են եկել մարդիկ, որոնք այդ թրեյնինգները չեն անցել կամ ավելի հանգիստ են այս ամեն ինչին վերաբերում, իրենց մոտ կարող են այդ խնդիրները լինեն»,-ասաց մեդիափորձագետը։
Անդրադառնալով տեղեկատվական անվտանգության հետ կապված խնդիրներին Տիգրան Քոչարյանը նկատեց, որ շատերն ամեն տեղ օգտագործում են միևնույն գաղտնաբառը և եթե այդպիսի կայք կամ տվյալների բազա կոտրվի և գաղտնաբառերի արտահոսք լինի, ապա նրանք կսկսեն փորձարկել տվյալ մարդու բոլոր հաշիվները Facebook-ում, Google-ում, YouTube-ում, Whatsapp-ում. «Եթե գաղտնաբառերը համընկնում են, ապա նրանք արդեն կարող են տվյալ մարդու մնացած բոլոր հավելվածներն ու օգտահաշիվներով իրենցով անել։ Նաև կան բազմաթիվ հավելվածներ, որտեղ մարդիկ առանց հասկանալու գրանցվում են։
Ամենահայտնին թուրքական Getcontact-ն է, որը մինչեւ հիմա Հայաստանում օգտագործվում է։ Նաև կան այլ հավելվածներ, որոնց պաշտպանվածությունը թույլ է և նույնիսկ եթե դա հայկական է և գրանցվում ես այնտեղ մտածելով, որ դա ապահով է, դա դեռ չի նշանակում, որ դա չի կոտրվի և քո տվյալներն այնտեղ չեն գրանցվի։ Այսինքն` պետք է շատ ուշադիր լինել և ամեն տեղ չգրանցվել։ Ֆեյսբուքյան թեստերին քիչ մասնակցել կամ մասնակցելու դեպքում գաղտնաբառն անմիջապես փոխել»,-ասաց Տիգրան Քոչարյանը ընդգծելով, որ դա է տեղեկատվական հիգիենան և ինչքան քիչ տեղ գրանցվեք այդքան շանսը մեծ է, որ մեր հիմնական ռեսուրսները չեն կոտրի։



