Էսօր թերևս ֆեյսբուքյան օր հռչակեմ, որ վաղը էլի դուրս գամ մի քանի օրով: Եվ այսպես, ժողովուրդ ջան, պիտի բոլորիդ տխրեցնեմ: Դուք ներել կամ չներելու հնարավորություն չունեք: Ձեզ ոչ մեկ տենց իրավունք չի տվել: Այ, դատելու իրավունք ունեք, իսկ ներելու՝ ոչ: Ըստ այդմ, չեք կարող ներել կամ չներել թուրքին կամ ցանկացած այլ ազգի ու մարդու: Ուրիշ հարց, որ մենք էս հարյուր տարի ա փորձում ենք դատել, անունն էլ հենց տենց ենք դրել՝ Հայ դատ, բայց ոնց որ առանձնապես արդյունք չկա: Դատավճիռ չկա: Չենք խաղաղվում: Պատճառն, ինչպես միշտ, անաստվածության մեջ է: Մեզ ասվել է, որ մեզ դատելու են մեր իսկ արդարությամբ, ու քանի որ մենք մեզ չենք ուզում դատել, թուրքերին էլ դատել չի ստացվում: Հենց մենք մեզ դատեցինք, անմիջապես թուրքերին էլ կկարողանանք դատել ու հետևաբար՝ խաղաղվել:

Դատելու գործում ես ձեզ կարող եմ փոքր-ինչ օգնել, քանի որ արդեն մի քանի տարի է՝ ինքս ինձ եմ դատում: Մի հատ օրինակի համար բռնեք, դատեք այն փաստը, որ երիտթուրքերի էլիտայի մեջ մոտավորապես նույնքան թուրք կար, որքան հայ, այսինքն՝ մի երկու հոգի: Կա՛մ դատեք այն փաստը, որ դեռ 1865(!) թվին մեր եկեղեցին գրավոր նզովքի է ենթարկում Օսմանյան կայսրությունում հայերին խառնակչության սադրող բողոքական եկեղեցուն: Դատեք խնդրում եմ այն փաստը, որ Ղարսում ապրող հայերը հրապարակավ հրճվում էին այդ քաղաք ռուսական զորքի մուտքով, իսկ Ստամբուլի փողոցներում հայերը հրճվում էին Գալիպոլիի վրա բրիտանացիքի գրոհով:

Դատելիս, խնդրում եմ, դատեք նաև այն փաստը, որ թե´ Ստամբուլում, թե´ Ղարսում և թե´ նույնիսկ Շուշիում թուրքերը հայտնվել են մեր հրավերով, քանի որ մենք մեր ուժերով մեր մեջ կարգ ու կանոն չէինք կարում պահել: Կոնկրետ Շուշիում երկու հայ իշխանավոր եղբայր իրար հետ կռվեցին, ու մեկը մյուսի վրա օտար զորք բերեց: Էս զորքը եկավ, տեսավ, որ իրավապահ համակարգ ստեղծել չկարողացող ժողովրդին կարելի է շատ հեշտ գրավել, ու գրավեցին: Այսինքն՝ Շուշիում էլ մոտ 300 տարի առաջ շարքային քաղաքացիները հելնում, էշ-էշ դուրս էին տալիս այն մասին, որ խեղճ պապիկն ընդամենը ուզում է ծաղիկ դնել, հետո ի՞նչ, որ օրենքով արգելված է դա անել հենց այդ օրը... Արդյունքում եկան նրանք, ովքեր էդ էշ-էշ դուրս տվողներին էլ, պապիկներին էլ իրենց տեղը ցույց տվեցին, իսկ այդ տեղը միշտ նկուղն է: Էշ-էշ դուրս տվողներն ու իրանց հաշվին ապրողներն էին պատճառը, որ 500 օսման «գրավեցին» մի քանի միլիոնանոց Բյուզանդիան: Գրավեցին, չէ մի չէ, զավթեցին։)))

Ներեք՝ թե բա... Արա, շուրջներդ նայեք, դուք ձեզ կարո՞ւմ եք ներեք, որ հլը ուրիշին եք ուզում ներել կամ չներեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել