Ավրորա (Արշալույս) Մարտիկանյանը ծնվել է ծնունդով Դերզիմ շրջանից գյուղացու ու մետաքսի արտադրողի ընտանիքում: Սովորել է և երազել ջութակահարուհի դառնալ: 1915 թ. ողբերգական իրադարձությունների ժամանակ նրա հորը, քույրերին ու երեք եղբայրներին սպանել են իր իսկ աչքերի առջև: Արշալույսին շատ այլ հայ կանանց հետ տարհանել են սիրիական անապատներ:

Այնուհետև նրան առևանգել են ու վաճառել Անատոլիայի ստրուկների շուկայում 85 ցենտով: 14-ամյա Արշալույսը անդադար բռնության է ենթարկվել քրդական ցեղերի առաջնորդների ու թուրք պետական գործիչների կողմից:

Երկու տարի անց նա հաջողել է փախչել թուրքական հարեմից, սակայն կրկին առևանգվել է ստրկավաճառների կողմից, ապա նորից փախչել: Դերզիմի լեռներում 18 ամիս շարունակ ավելի քան 1,500 կմ թափառելուց, անտառներում բույսերով ու արմատներով սնվելուց հետո, ոտաբոբիկ, կիսամերկ ու հյուծված աղջիկը հասել է Էրզրում, որտեղ այն ժամանակ ռուսական զորքերն էին տեղակայված:

Ամերիկացի միսիոներների մոտ հայտնվելով՝ նա Հայկական ազգային միության ու Հայաստանի ու Սիրիայի օգնության ամերիկյան կոմիտեի աջակցությամբ Թիֆլիսով հասավ Սանկտ Պետերբուրգ, ապա՝ Օսլո, Նյու Յորք և ողջ աշխարհին պատմեց հայերի ցեղասպանության դաժան պատմությունը:

Նրան ընդունեց Նյու Յորքում բնակվող մի հայկական ընտանիք: Արշալույսի պատմությունը, բնականաբար, գրավեց բոլոր լրագրողների ուշադրությունը: Այն հրապարակվեց Նյու Յորքի ու Լոս Անջելեսի պարբերականներում 1918 թ.: Նույն տարվա դեկտեմբերին հրատարակվեց «Հոշոտված Հայաստան» գիրքը: Հետագա երկու տասնամյակների ընթացքում գիրքը երկու անգամ վերահրատարակվեց:

Վաճառվել է գրքի շուրջ 900 հազար օրինակ, ներառյալ՝ իսպաներենով, հոլանդերենով ու լեհերենով արված թարգմանությունները: 1918 թ. վերջին Selig Polyscope ընկերությունը սկսեց ֆիլմ նկարահանել Մարտիկանյանի գրքի հիման վրա: Ֆիլմը պիտի առաջինը դառնար, որը կլիներ հայոց ցեղասպանության մասին: Ֆիլմում գլխավոր դերը ստացավ հենց ինքը՝ Արշալույսը: Անձնական անվտանգության համար նա անվանափոխվեց ու դարձավ Ավրորա Մարտիկանյան: Նկարահանված կադրերն ուսումնասիրել են վիկոնտ Ջեյմս Բրայսը, Հայաստանի և Սիրիայի օգնության ամերիկյան կոմիտեի նախագահը, ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը, Թուրքիայում ԱՄՆ դեսպանը և բարձր գնահատել դրանք:

«Հոշոտված Հայաստանն» առաջին անգամ ցուցադրվել է 1919 թ. հունվարին Վաշինգտոնում: Փետրվարին ֆիլմի պրեիերան կայացել է նյույորքյան «Պլազա» հյուրանոցում լայն հանրության համար: Ֆիլմը ցուցադրվել է 23 նահանգի խոշոր քաղաքներում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում ու Լատինական Ամերիկայի որոշ երկրներում:

«Հոշոտված Հայաստան» ֆիլմի ցուցադրումից ստացված շահույթը կազմել է 30 միլիոն դոլար, որը ֆիլմի հեղինակների որոշմամբ ուղղվել է Near East Relief ֆոնդին՝ 60,000 հայ որբի օգնելու նպատակով:

Ավելի ուշ Ավրորան հարյուրավոր հայ որբերի «գնել է» մահմեդական ընտանիքներից: Այնուհետև Նյու Յորք է վերադարձել և 1929 թ. ամուսնացել հայ գաղթական Մարտին Հովեյանի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել