Կամքից զրկելը այն չէ՞, որ անձին ստիպում են իր կամքին հակառակ իր դեմ գործողություն անել, օրինակ՝ աշխատավորին «վերևից» պարտադրում են դիմում գրել դուրս գալ աշխատանքից։ Այսինքն՝ աշխատավորը չի ուզում աշխատանքից դուրս գալ, բայց գրում է մի դիմում, որն արձանագրում է, թե աշխատանքից դուրս է եկել սեփական դիմումի համաձայն։ Մարդուն ստիպում են ինքն իր դեմ ստել։
Աշխատավորին աշխատանքից ազատելու այս պարտադրանքը առաջացել է Սովետում։ Սովետում թեև կային արհմիություններ, սակայն ոչ այն իմաստով, ինչպես կապիտալիստական աշխարհում որպես աշխատավորների իրավունքները պաշտպանող հաստատություններ՝ հակակշիռ գործատուին, որ թույլ չտան՝ նրանք միանձնյա որոշեն աշխատավորների ճակատագիրը, այլ աշխատավորների երջանկությունը լիարժեք դարձնող բաժիններ, որ հանգստյան ուղեգրեր էին բաժանում։ Սովետը ներկայացնում էր, թե այլևս կապիտալիստական աշխարհին բնորոշ արհմիության կարիք չկար, քանի որ երկիրը ընկերային է, աշխատավորներինն էր, հո աշխատավորն ինքն իրենից իր իրավունքը չէ՞ր պաշտպանելու։
Սովետական հիմնարկը ուներ երեք ղեկավարություն՝ տնօրինություն, Կոմկուսի քարտուղար, արհմիության նախագահ, որոնք բոլորը Կոմկուսի անդամ էին և բոլորին նշանակում էին Կոմկուսից։ Ուրեմն աշխատավորը ուր էլ դիմեր, բախվելու էր Կոմկուսին, այսինքն՝ այն կուսակցությանը, որի անդամ է պարտադրում դիմում գրել, ուրեմն ստիպված պիտի դիմումը գրեր։
Սովետի փլուզումից հետո հետսովետական շատ երկրներ, նաև Հայաստանը հայտնվեցին անսանձ կապիտալիզմում, ուր աշխատավորները և երջանկացնող ուղեգրերից զրկվեցին և դաժանորեն սկսեցին շահագործվել։ Այսուհանդերձ, և՛ Սովետում, և՛ հեսովետական շրջանում «դիմում գրիր աշխատանքից ազատվիր» պարտադրանքը կաբինետային էր, պատերի ետևում, պարտադրողը գիտեր, որ հակաէթիկական, հակաիրավական բան է անում․ ինչպե՞ս կարելի է ստիպել մարդուն դիմում գրել, թե ինքն ուզում է աշխատանքից ազատվել։
Հայկական թավշյա հեղափոխությունը՝ հանձին նրա առաջնորդի, այս հակաէթիկական, նվաստացուցիչ գործողությունը լեգիտիմացնում է, երբ հրապարակայնորեն, հասարակության լայն զանգվածների համար բեմադրությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շենգավթիի մաքսատանը ծառայող Հայկ Մարտիրոսյանին հրամայեց․ «Դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր», հետն էլ հրամայեց նախարարին, որ նույն տարածքի պատասխանատուներին էլ դիմում գրեն։ Ինչի՞ համար, որ եռագույն դրոշը տեսել էր սենյակներից մեկում գետնին դրված։
Զավեշտն այն է, որ աշխատավորին նվաստացնելը լեգիտիմացնում է և նրա հպարտությունը տրորում է նա, ով հեղափոխություն անելիս ժողովրդին դիմում էր «ՀՀ հպարտ քաղաքացի», իսկ ծառայողին նվաստցնելուց հետո էլ 18 օր անց նշում հպարտ քաղաքացու օրը։
Ու գնաց… Այս ապրիլի 17-ի վարչապետի ելույթի նախապատրաստական կադրերի արտահոսքի պատճառով պարտադրանքով իրենց դիմումների համաձայն աշխատանքից ազատվեցին Հանրային հեռուստաընկերության ծրագրերի և ստեղծագործական տնօրեններն ու էլի մի քանի աշխատակիցներ։ Ոչ մի հետաքննություն, նույնիսկ Հանրայինի ղեկավարությունը հայտարարեց, որ իրենց աշխատակիցների մեղքով չի եղել դա, սակայն ապարդյուն։ irakanum.am-ում կարդում ենք, որ «ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը երեկ ուշ երեկոյան եղել է Հանրային հեռուստաընկերությունում եւ պահանջել է ղեկավար կազմի հրաժարականը», որից հետո դիմումները գրվել են։
Իսկ այսօր էլ news.am-ում կարդում ենք, որ Երևանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Բեգոյանին քաղաքապետի կինն է պարտադրել աշխատանքից ազատվելու դիմում գրել:
(Այս թեմայով «Քաղաքացու օրը. տոն, որ այդպես էլ քեզ հետ չէ» գրության հղումը՝ մեկնաբանության մեջ)