Yerkir.am-ը գրում է․

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զ. Բաթոյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել նախարարության աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը:

Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ նշված շրջանում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ապարատի) մասով նշված շրջանում պարգևավճարները վճարվել են 3 հոդվածներով, ըստ այդմ՝ «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով՝ 210.931.1 հազար դրամ, «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով՝ 210.715.7 հազար դրամ, «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով՝ 64.925.0 հազար դրամ։ Նշվում է նաև, որ ներկայացված տվյալները չեն ներառում Զբաղվածության գործակալության և ԲՍՓ գործակալության տվյալները։ 

Հանրագումարում, փաստորեն, նշված շուրջ 20 ամիսների համար նախարարության աշխատակիցներին 3 հոդվածներով վճարվել է 486.571.800 ՀՀ դրամ (շուրջ $ 1.018.000): 

ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 11-իորոշմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատողների առավելագույնթիվը 700 է: 

Նախարարությունը կից տրամադրել է ՔԾ ղեկավար պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների՝ 2019 թ. ապրիլ-սեպտեմբեր ամիսների պարգևավճարների վերաբերյալ տեղեկանք, ըստ որի՝ մայիս ամսին նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալն ստացել է 402,793.00 դրամ աշխատավարձ և 370,569.00 դրամ պարգևավճար, Աշխատանքի և զբաղվածության վարչության պետը՝ 331,361.00 դրամ աշխատավարձ և 304,852.00 դրամ պարգևավճար, Սոցիալական աջակցության վարչության պետը՝ 353,618.00 դրամ աշխատավարձ և 304,111.00 դրամ պարգևավճար, Վերլուծության և մոնիթորինգի վարչության պետը՝ 365,093.00 դրամ աշխատավարձ և 365,093.00 դրամ պարգևավճար, Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետը՝ 363,770.00 դրամ աշխատավարձ և 310,858.00 դրամ պարգևավճար, Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետը՝ 377,659.00 դրամ աշխատավարձ և 354,999.00 դրամ պարգևավճար, Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետը՝ 342,605.00 դրամ աշխատավարձ և 274,084.00 դրամ պարգևավճար, Կենսաթոշակային ապահովության վարչության պետը՝ 365,093.00 դրամ աշխատավարձ և 365,093.00 դրամ պարգևավճար, Քարտուղարության պետը՝ 365,093.00 դրամ աշխատավարձ և 365,093.00 դրամ պարգևավճար, Միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի վարչության պետը՝ 353,849.00 դրամ աշխատավարձ և 339,695.00 դրամ պարգևավճար։ 

Հանրագումարում՝ մայիս ամսին նշված պաշտոնյաներին տրվել է 3,620,934.00 դրամ աշխատավարձ և 3,354,447.00 դրամ պարգևավճար, իսկ ապրիլ-սեպտեմբերի համար այդ նույն թվերը կազմում են 17,497,723.00 դրամ աշխատավարձ և 16,070,069.00 դրամ պարգևավճար։ 

Ստացվում է, որ առնվազն ղեկավար պաշտոններ զբաղեցնող քաղծառայողները յուրաքանչյուր ամիս ստանում են գրեթե աշխատավարձի չափով պարգևավճար, իսկ որոշ պաշտոնյաների դեպքերում, ինչպես տեսանք վերևում, տվյալ ամսվա աշխատավարձը և ստացված պարգևավճարը բացարձակ թվով համընկնում են։ 

Փաստորեն՝ կարելի է եզրակացնել, որ նախարարության ղեկավար պաշտոնյաների պարգևավճարները հատկացվում են անկախ նրանց նվաճումներից, գրանցած բարձր  արդյունքներից, պետությանը կամ հասարակությանը տված օգուտի չափից և այլն։ Այսինքն՝ պարգևավճարները, միևնույն է, տրվում են բոլոր դեպքերում և ոչ այլ ինչ են, քան աշխատավարձի մաս, և արդո՞ք ազնիվ չէր լինի ասել, որ տվյալ պաշտոնյաների աշխատավարձը ոչ թե, օրինակ 402,793.00 դրամ է, այլ՝ 773,362.00 դրամ և այսպես՝ բոլորի պարագայում։ 

Պետք է փաստել՝ այս նույն «արդարության» կամ «յուրաքանչյուր ամիս աշխատավարձին գրեթե հավասարաչափ պարգևավճար ստանալու» սկզբունքը, բնականաբար, չի կիրառվում նախարարության առավել ցածր օղակների (ոչ ղեկավար պաշտոններ զբաղեցնող) աշխատակիցների հանդեպ։ Այնինչ, շատ դեպքերում և չգրված օրենքի համաձայն՝ աշխատանքի հիմնական ծանրությունն ընկած է լինում սովորական աշխատակցի վրա, իսկ ղեկավարներն ու պետերն այս դեպքերում «կնիք դնողներ» են։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել