ԱԳՆ արձագանքը Լավրովին արձանագրեց մեկ կարևոր բան՝ Հայաստանը դեմ է փուլային կարգավորմանը: Բայց դրա հետ մեկտեղ սա չհերքեց Լավրովի այն ասածը, որ 2019-ն առաջարկվել է, և այսօր էլ բանակցային սեղանին է այդ փաթեթը:

Եթե ավելի պարզ. բանակցային սեղանին դրվել է մի բան, որը մեր սրտով չէ, և մենք բանակցությունների ժամանակ արտահայտում ենք մեր դժգոհությունը, բայց շարունակում ենք քննարկել դրա բաղադրիչ տարրերը:

Սա չի նշանակում, որ բանակցություն չկա:

Սա չի նշանակում, որ սեղանին չի դրվել այն, ինչ ասում է Լավրովը:

Բայց մի հարց է ծագում. եթե կա նման տարընթերցում, և մենք, Ադրբեջանն ու միջնորդները, բոլորս տարբեր կերպ ենք հասկանում այն, ինչ կատարվում է, ո՞նց ենք ստորագրում համատեղ 2 հայտարարությունների տակ (հունվարի 30-ին Ժնևում և ապրիլի 21-ին, որը հղվում է Ժնևի վրա), որոնցում բառացի ասվում է. "ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԱԳ նախարարները քննարկել են օրակարգային հետևյալ հարցերը՝ 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը ձևավորող սկզբունքները և տարրերը, կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը:" Ինչի՞ մասին է ուրեմն այստեղ խոսքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել