ԱՌԱՋԱՐԿ ՔԱԿ ՂԵԿԱՎԱՐՈւԹՅԱՆԸ

Այսօր նայել եմ ՀՀ ՔԱԿ նախագահի պաշտոնակատար Գալուստ Պողոսյանի և ֆիզարձակուրդում գտնվող Տաթևիկ Ռևազյանի օնլայն հարցազրույցի մի մասը:

Ես իմպաշտոնաթողությունից հետո ունեցած բոլոր ելույթներում բազմիցս ընդգծել եմ, և ոչ մի անգամ չեմ տեղափոխել համակագային կարգավորումների խնդիրները անձնական հարթակ:

Թեկուզ դուք այսօր դա արեցիք, համեմելով այն մի քանի բացարձակ ստերով, ես չեմ պատրաստվում հետագայում ևս ձեզ պատասխանել նույն ձևով: Սա իմ խնդրանքն է` պահել ձեր դիրքը, և չտրվել արդարանալու գայթակղությանը այլոց չհիմնավորված սխալականացնելու ճանապարհով:

Հիշեք, որ ցանկացած իրական ընդիմադիր, կամ «դեղին» լրատվամիջոցի այս պահին ավելի շատ հետաքրքրում է սկանդալը, քան ոլորտի կարգավորումները:

Եվ այդ կապակցությամբ ունեմ մի շարք դիտողություններ և առաջարկություններ`

1. ԱՈւԴԻՏՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Տաթևիկ Ռևազյանը հայտարարեց, որ իմ կողմից եվրոպական Ծննդյան տոների նախաշեմին հավաքագրած միջազգային աուդիտորների թիմը Չուներ ավիացիոն իշխանությունների մակարդակով փաստաթղթերի պատրաստման և մասնագետների որակավորման իրավասություն: և որ նրանք աշխատել են միայն ավիաընկերություններում ու չեն կարող կատարել վերը նշված գործառույթները: Իսկ գալու նպատակը թուղթ տպելն էր:

Ցավում եմ, բայց այսօրվա հարցազրույցը հետաքրքրել է ոչ միայն հայաստանյան հասարակությանը, կան այլ հետաքրքրվողներ: Այդ թվում իմ հրավիրած թիմի անդամներ Ջորջիո Կոսսենտինին (Իտալիա), Մարկո Մարունիչը (Խորվաթիա) և Նատալյա Պողոսյանը (Հայաստան):
Նրանք ներկայացրել էին միջազգային կազմակերպությունների կողմից (ICAO, IATA, EASA) իրենց շնորհված արտոնագրերը ավիացիոն իշխանություններին խորհրդատվություն, աուդիտ և մասնագետներ վերապատրաստելու վկայագրերը (թվով մի քանի տասնյակ), և իրենց որակավորման հավաստագրերը, որոնք ես ներկայացրել եմ ՔԱԿ ղեկավարին:

Չունենալով իրավասություններ այդ մասնագետների անձնական փաստաթղթերը այս գրառումով ներկայացնելու, ես իրավունք չունեմ նրանք հրապարակել:

Բայց քանի որ նրանք արդեն ինձնից բացատրություն են պահանջում իրենց մասին տարածված, իրենց որակավորումը թերգնահատող, և մասնագիտական կարողությունները ստորադասող հայտարարության համար, առաջարկում եմ ՔԱԿ ղեկավարությանը հրապարակել այդ փաստաթերը: Կամ ներողություն խնդրեք վարկաբեկման համար:
Կարծում եմ` հանրության առջև պետական մարմնի կողմից արված հայտարարության հիմնավորումը ժողովրդավարական իշխանությունների գործելաոճի պարտադիր բաղադրիչն է:
Հակառակ դեպքում նրանք սպառնում են բարձրաձայնել այդ հարցը համաշխարհային ավիացիայի ոլորտի կարգավորիչ մարմիններում:

Նրանց մասնագիտական որակավորման մասին ցանկացողները կարող են ծանոթանալ Linkedin հարթակում:

2. EASA ԶԵԿՈւՅՑԻ ՄԱՍԻՆ

Այսօր առաջին անգամ բաց հայտարարվեց թվով 42 հայտնաբերված անհամապատասանության մասին: Բայց բերվեցին օրինակներ միայն ամենաթեթևներից, ամենաանշառներից:
Կարծում եմ, ազնիվ կլիներ խոսել իրականորեն ավելի զգալի բացթողումների և ակնհայտ խախտումների մասին, որոնց պատճառով հայկական 2 ավիաընկերություն զրկվելեն արդեն իսկ ստացված, դեպի Եվրոպա թռիչքներ կատարելու իրավունքից:
Փաստաթուղթն ամբողջությամբ արդեն իսկ շրջանառվել է մամուլով: Ամբողջական տեքստին ծանոթանցել են բոլոր հետաքրքրվողները: Եվ ոչ մի տեղ նշված չի, որ այդ արգելքը ժամանակավոր է:
Իսկ դրա փոխարեն հստակ նշված է, ինչի պատճառով են նրանք իրականում զրկվել իրենց իրավունքից:
Եվ բոլորովին կարիք չկա այդ փաստաթղթի գաղտնիութունը արհեստականորեն տեղափոխել պետական գաղտնիքի դաշտ, թե բա, հակառակորդները կիմանան, մեր պետությանը վնաս կհասցվի...

Այդ փաստաթուղթը վաղ թե ուշ ամբողջությամբ կհայտնվի համաշխարհային ավիացիոն պարբերականներում: Հիմա, կամ մի քանի շաբաթ անց: Ինչքան էլ թաքցվի:
Այդ պարագայում թաքցնելու բացատրությունն ավելի դժվար կլինի:

Խոսվեց, որ նշված չի 2 տարվա ընթացքում տեղի ունեցած բացթողումների մասին: Այլ խնդիրներն ավելի վաղուց են գալիս:
Սա հերթական անճշտությունն է: Ամբողջ փաստաթուղթը պատրաստված է այդ գաղափարի շուրջ: Իսկ 2 տարվա ընթացքում բացթողումների մասին կան նաև կոնկրետ նշումներ:

3. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Նշվեց, որ ես հրաժարվել եմ ՔԱԿ հետ փաստաթղթի մշակման գործընթացից: Հիմնավորելով որ, իբր, կամ միայն իմ ներկայացրած, մասնագիտական թիմի կողմից պատրաստած հայեցակագը, կամ ոչինչ:

Սա նույնպես իրականության խեղաթյուրված տարբերակ է:
Ես անցյալ` 2019 թ Ապրիլին ներկայացրել եմ հայեցակարգ, մինչ որի ընդունումը այն քննարկման համար ամբողջությամբ դրել եմ շրջանառության ՖԲ-ում:

Այս պոստին կցել եմ 2019 թ, իմ կողմից շջանառության դրված փաստաթուղթը:

ՔԱԿ-ը, ներկայացնելով իր դիրքորոշումը այդ փաստաթղթին (Հուսով եմ այդ դիրքորոշումը կդնեք ձեր էջին, մասնագետների գնահատականը ստանալու համար: Այն պետական գաղտնիք չի պարունակում), չի ունեցել որևէ տարբերակ, ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ոչ մի փաստաթուղթ, որի շուրջ կարելի էր քննարկումներ անց կացնել:

Դրանում ես նրանց չեմ մեղադրում: Համաձայն ՀՀ օրենքների (Հետաքրքրվողները իմ տարբերակի առաջին գլուխներում կգտնեն հղումը համապատասխան օրենքներին) Ոլորտի Հայեցակարգը դուրս է ՔԱԿ գործառույթների շրջանակից: Եվ դա ՔԱԿ-ին որպես թերություն ներկայացնելը արդար չի լինի:

Բայց միաժամանակ ՔԱԿ-ը ստացել է այդպիսի հրահանգ: Եվ չունենալով սեփական տարբերակը, բայց փոխարենը ունենալով «դիրքորոշում» , որ իմ ներկայացրածը պիտանի չի, ինձ առաջարկում էր կողմ դնել արված աշխատանքը, և իրենց հետ համատեղ ստեղծել մի նոր փաստաթուղթ:
Այդ նպատակով հետևողականորեն մերժվել է ցանկացած գործնական տարբերակ: Ինչի հետևանքով ներկայացնելուց մեկ տարի անց ՀՀ Քաղաքացիական ավիացիայի զարգացման Հայեցակարգը դեռևս «քննարկման» փուլում է:

Այո, ես հրաժարվել եմ համագործակցել դատարկ թղթի հետ աշխատելու ՔԱԿ առաջարկած միակ հնարավոր տարբերակից:

Եթե իմ ներկայացրածը ճիշտ չէ` կխնդրեմ ՔԱԿ ղեկավարությանը ներկայացնել իրենց հայեցակարգը, ինչպես ես եմ այժմ կրկնում մոտ մի տարի առաջ իմ ներկայացրած տարբերակը:

Սրանից հետո էլ չեմ հետևել հարցազրույցին: Քանի որ այն իր ոգով ու ձևով չէր տարբերվում նախորդներից:

ԱՌԱՋԱՐԿՈւԹՅՈւՆՆԵՐ

1. Քանի որ EASA զեկույցն այժմ գտնվում է, կամ մոտ օրերս կհատնվի ավելի բարձր ատյանում` Եվրոհանձնաժողովում, և որը վեր է ՔԱԿ հասանելիության սահմաններից, խնդրել, աղաչել կառավարությանը, դիմել Եվրոհանձնաժողովին ՀՀ Ավիացիոն իշխանությունների «դատավճռի» կայացումը հետաձգել մի քանի ամսով:

2. Անհապաղ վերադառնալ 2019 թ իմ առաջարկած ֆորմատին` հրավիրել համապատասխան միջազգային մասնագետների, ՀՀ ՔԱԿ վերջին 2 տարվա բացթողումները շտկելու և մասնագետներ վերապատրաստելու համար:
Անկասկած, սա արդեն ավելի թանկ կարժենա, քան նախորդ տարվա իմ հավաքագրած խմբի համար նախատեսված մոտ $30.000 : Սակայն դա արդեն էդքան էական չի: Սև ցուցակում հայտնվելը ավելի թանկ կնստի երկրի վրա և հեղինակության, և ֆինանսական տեսակետներից:

3. Հավաքագրել ԲՈԼՈՐ առողջ ուժերին, ավիացիայի մասնագետներին, որոնք նվիրված են երկրին և ավիացիային: Այդ թվում և ՔԱԿ-ից վերջին 1,5-2 տարում հեռացածներին: Նրանք կան, և կգան փրկության:
Բայց նախ պետք է ներողություն խնդրել նրանցից վերջին տարիներին վարած քաղաքականության համար և տալ գրավականներ, որ նրանք հերթական անգամ խաբված չեն լինի:

4. Ամբողջությամբ վերակազմավորել ՔԱԿ կառույցը անցնելով այն կառուցվածքին, ինչը ձեզ ներկայացրեվեց անցյալ տարի Արմեն Պապիկյանի և իմ կողմից: Դա մեր քմահաճույքը չի: Դա միջազգային պահանջներ են: Պետական կառույցը շահերի բախումից խուսափելու համար պետք է ունենա 3 իրարից անկախ ճյուղ`
- օրենքներ ընդունող,
- կատարող
- վերահսկող

Նրանք պետք է կատարեն ցանկացած երկրի ավիացիոն իշխանությունների հիմնական գործառույթները`

- թռիչքային պիտանելիության
- թռիչքային անվտանգության
- ավիացիոն անվտանգության
- օդանավակայանների գործունեության
- նավիգացիոն ծառայություններ կարգավորման

ոլորտների կարգավորումներ

- ձևակերպման,
- կատարման
- վերահսկողության

ոլորտներում:

Նշածս գործառույթների համար մասնագետտների մինիմալ քանակութունը 27 հոգի է (Օդանավակայանների և նավիգացիոն ծառայությունների գործառույթները սկզբի համար կարելի է համատեղել):

5. Մի ստեք և մի թաքցրեք իրականությունը հանրությունից: Ամեն գաղտնիք շատ կարճ կյանք ունի: Հիշեք` աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ ավիացիոն հրատարակություններ, որոնք ոչ մի փաստաթուղթ բաց չեն թողնում:

Մի մտեք անձնական դաշտ: Ցանկացած ապատեղեկատվություն պարտական եք հիմնավորել: Ինչպես ես եմ դա անում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել