Գանվիեն համարվում է աշխարհի ամենամեծ գյուղը, որտեղ մարդիկ բնակվում են բացառապես լճերի մեջ՝ ձողերի վրա կառուցված տներում: Ներկայումս բնակչությունը կազմում է ավելի քան 35,000 մարդ: Այս բնակավայրի մասին առաջին հիշատակումներն արվել են ավելի քան 500 տարի առաջ:
XV դարի վերջում պորտուգալացիները վերահսկում էին Աֆրիկայի արևմտյան ողջ ափը, որտեղ էլ ակտիվ ստրկավաճառությամբ էին զբաղվում: Եվրոպացիներն օգտվում էին տեղի արքայի կաշառվածությունից և նրա հետ գործարքներ էին կնքում: Արքան խոստանում էր պորտուգալացիներին վաճառել իր իսկ հայրենակիցներին: Տարածքում ամենաակտիվը ֆոն կոչվող ցեղն էր: Վերջինիս ներկայացուցիչները ուժեղ և բազաթիվ էին, լավ զինված էին և հեշտությամբ հաղթանակներ էին տանում իրենց իսկ եղբայրների նկատմամբ, որոնք հիմնականում զբաղվում էին անասնապահությամբ և հողագործությամբ:
Ինչ-որ մի պահի Բենին անունով մի անձ առաջնորդ դարձավ սևամորթների վաճառքի բնագավառում: Տեղացիները սարսափած էին ու չէին հասկանում՝ ինչ պետք է անել: Պարզվում էր՝ ֆոն ցեղի ուժեղ ներկայացուցիչները չափազանց վախենում էին ջրից, քանի որ կարծում էին, որ դրա մեջ ծովային հրեշներ են ապրում: Հենց դա էլ մյուս ցեղակիցների համար օգնություն դարձավ ու փրկեց նրանց ստրկությունից: Նրանք սկսեցին տներ կառուցել ջրերի վրա՝ անախորժություններից խուսափելու համար: Գանվիե գյուղի անվանումը թարգմանաբար նշանակում է «մենք գոյատևել ենք»:
Ստրկավաճառության ժամանակաշրջանն արդեն անցյալում է, սակայն ներկայումս արդեն տոֆինո կոչվող ցեղի ներկայացուցիչները շարունակում են ապրել լճերի վրա: Ջրերի վրա կառուցել են անգամ դպրոց, հիվանդանոց, հյուրանոց և ծննդատուն: Տեղաշարժվում են լողալով կամ նավակներով. այլ ճանապարհ չկա:
Բոլոր բնակիչները զբաղվում են ձկնորսությամբ՝ յոթ տարեկանից սկսած: Նրանք ձկներ են որսում և ամեն օր վաճառում ափամերձ շրջաններում բնակվող ցամաքային բնակիչներին: Բավականին համեստ կյանք են վարում: Խոչընդոտ է հանդիսանում միայն աղբը: Նախկինում, երբ չկար պլաստիկ, նրանք ամենը ջուրն էին նետում, սակայն այսօր արդեն գյուղը էկոլոգիական աղետի շեմին է:
Ի դեպ, մի քանի տարի առաջ Գանվիե գյուղը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության օբյեկտ:



