Factor.am-ը գրում է․
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց մեծածախ դեղերի վաճառքի լիցենզիայի ժամկետը երկարաձգելու և համապատասխան լիցենզիա չունեցող բուժհաստատություններին, ինչպես նաև կլինիկական օրդինատուրայի վերջին կուրսի ուսանողներին կորոնավիրուսով հիվանդների սպասարկման մեջ ներգրավելու վերաբերյալ նախագծերը։
«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն ընդունվեց 107 կողմ ձայներով։ Դեմ կամ ձեռնպահ քվեարկող պատգամավորներ չկային։ Այսպիսով՝ մեծածախ դեղերով զբաղվող կազմակերպությունների լիցենզավորման կարգը կերկարաձգվի՝ ապրիլի 15-ի փոխարեն սահմանելով օգոստոսի 15-ը։ Իսկ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին փոփոխությունների փաթեթին կողմ քվեարկեց 109 պատգամավոր։
Փոփոխություններով առաջարկվում է կորոնավիրուսով հիվանդների համար բժշկական օգնության և սպասարկման նպատակով իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործումը, ինչպես նաև այլ բուժաշխատողների, այդ թվում՝ կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողների ներգրավումը:
Այս երկու նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունվել էին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում։