Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) գնահատմամբ աշխարհը կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով հայտնվել է ռեցեսիայի մեջ (տնտեսական աճի լուրջ դանդաղում կամ անկում, որն ընթանում է երկու և ավելի եռամսյակ), նույնքան և անգամ ավելի վատ, քան 2009թ․։ 2020թ․-ին այն համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ավելի վատ կլինի։

Եթե 2008թ.-ի ճգնաժամի և «Մեծ դեպրեսիայի» դեպքում արժույթային շուկաները 50%-ով կամ ավելի փլուզվեցին, վարկային շուկաները սառեցվեցին, որոնց հետևեցին մասսայական սնանկությունները, գործազրկության մակարդակը հասավ 10%-ի, ապա ներկայիս ճգնաժամը նմանատիպ սարսափելի մակրոտնտեսական և ֆինանսական հետևանքներ առաջ բերեց երեք շաբաթվա ընթացքում։ Այս անկումը, որը դեռ ընթացքի մեջ է ոչ V-աձև, ոչ U-աձև, ոչ էլ L-աձև տեսք ունի (կտրուկ անկում, որին հաջորդում է լճացումը)։ Այն առավելապես I-ի տեսք ունի․ ֆինանսական շուկաների ու իրական տնտեսության շեշտակի անկումը ներկայացնող ուղղահայաց գիծ։

ԱՄՀ-ն կանխատեսում է իրավիճակի վերականգնում 2021թ․-ին, որի գլխավոր նախապայմաններից մեկն այն է, որ ամենուրեք հաջողվի կանգնեցնել վիրուսի տարածումը։

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ, OECD) մարտ ամսվա միջանկյալ զեկույցի կանխատեսմամբ 2020թ․-ին համաշխարհային տարեկան ՀՆԱ-ն կնվազի մինչև 2․4%՝ ի տարբերություն առանց այդ էլ 2019թ․-ի թույլ ցուցանիշի՝ 2․9%։ Միևնույն ժամանակ 2020թ․-ի առաջին եռամսյակում աճը հավանաբար կլինի բացասական։

Պանդեմիայի տնտեսական հետևանքներն արդեն իսկ ազդում են ԱՄՆ-ի վրա աննախադեպ արագությամբ ու ուժգնությամբ։ Մարտ ամսվա վերջին երկու շաբաթվա ընթացքում գրեթե 10 միլիոն մարդ դիմել էր անաշխատունակության նպաստի համար։ Նման կտրուկ աճ երբևէ չէր գրանցվել անգամ 2009թ․ ֆինանսական ճգնաժամի բարձրագույն կետի ժամանակ։ Մինչ այդ մեկ շաբաթվա ընթացքում ամենաշատը դիմել էին 1982թ․՝ 695,000 անձ։ Նախնական ցուցանիշներով ԱՄՆ-ում աշխատատեղերի կորուստները կարող են գերազանցել ամսական մեկ միլիոնը ներկայիս պահից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում։ Դա ավելի կտրուկ անկում կլինի, քան 2008-2009թթ․ էր գրանցվել։

Սա կարող է բավական խնդրահարույց դառնալ նախագահ Թրամփի համար, ում քաղաքականության շնորհիվ գործազրկության մակարդակն անցած տարի հասել էր վերջին 50 տարվա ընթացքում ռեկորդային ցածր ցուցանիշի՝ 3․5%: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում ՀՆԱ-ի աճի մակարդակին, ապա եթե 2019թ․-ին այն կազմել էր 2․3%, ապա 2020-ին ՏՀԶԿ-ն կանխատեսում է 1․9%:

Համեմատության համար՝ «Մեծ դեպրեսիայի» և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տնտեսական գործունեության հիմնական մասը բառացիորեն չդադարեց, ինչպես տեղի է ունենում այժմ Չինաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Լավագույն սցենարը կարող է անկումը լինել (downturn), որը ավելի ծանր է, քան տնտեսական ճգնաժամը (համաշխարհային կուտակային արտադրանքի առումով), բայց ավելի կարճաժամկետ, ինչը թույլ կտա վերադառնալ դրական աճին այս տարվա չորրորդ եռամսյակում:

Միևնույն ժամանակ ամերիկյան տնտեսությանն աջակցելու համար դեռ մարտի 27-ին նախագահ Թրամփի կողմից ստորագրվել էր $2.2 տրիլիոն աջակցության ակտը։ Այն իրենից ներառում է ֆիզիկական անձանց մինչև $1200 ուղղակի վճարումներ, հարյուր միլիարդավոր դոլարների վարկեր և դրամաշնորհներ բիզնեսին, գործազրկության նպաստների ավելացում, ինչպես նաև հիվանդանոցների ու բուժաշխատողների աջակցություն: «Ըստ էության, սա պատերազմական շրջանի ներդրումների մակարդակ է մեր ազգի համար»,- ասել է Սենատի մեծամասնության առաջնորդ Միթչ ՄքՔոնելը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել