Այն պայմաններում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին երկու օրերի ընթացքում լավատեսությամբ է արտահայտվել կորոնավիրուսին հաղթահարելու կապակցությամբ, նրա քաղաքական կնքահայր Լեւոն Տեր-Պետրոսյանը երկարատեւ լռությունից հետո ասպարեզ իջնելով իրավիճակը պատերազմական է բնութագրել ու իրավիճակի թելադրանքի ներքո դիմել է մի քանի կոչերով, որոնց բովանդակությունից դատելով, բացառությամբ մեկի (սառեցնել ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքը), գլխավորապես ուղղված է ընդդիմությանը:
Հետաքրքիր է, որ հասարակության մեջ ողջախոհության եւ փորձության ժամին համախմբվելու կոչով է հանդես գալիս մարդ, որը 1994 թվականի դեկտեմբերին, ղարաբաղյան պատերազմում հրադադարի պայմանագրի թանաքը դեռ չչորացած կասեցնելով ղարաբաղյան պատերազմում արձանագրված հաղթանակում ամենամեծ ներդրումն ունեցած ՀՅԴ-ի գործունեությունն, ամենադաժան հալածանքներն իրականացրեց նրա ղեկավարության ու անդամների դեմ: Մարդ, որ 2008 թվականի մարտի 1-ին, իր առանձնատանը նստած, անտեսելով համերաշխությանն ուղղված բոլոր կոչերը սկիզբը դրեց այնպիսի զարգացումների, որոնք արժեցան մարդկային կյանքեր, ստեղծելով ատելության ու պառակտման այնպիսի մթնոլորտ, որից հասարակությունը տառապում է մինչեւ այսօր:
Ես կհավատայի, Լեւոն Տեր-Պետրոսյանի անկեղծությանը, եթե որպես «բարեկամեցողության» նշան իշխանությանը կոչ արած լիներ միջնորդել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ կալանքը խափանման այլ միջոցով փոխարինելու հարցում: Ես հույսեր կփայփայեի առ այն, որ ժամանակն իր դրական հետքն է թողել եւ ծերությունը խոհեմություն է պարգեւել ՀՀ առաջին նախագահին, եթե վերջինս իր հոգեզավակ Նիկոլ Փաշինյանին կոչ արած լիներ մինչեւ իրավիճակի նորմալացում հրաժարվել անիմաստ լայվերից ու պոպուլիստական քայլերից, վերջ տալ հասարակության պառակտմանն ուղղված հայտարարություններից եւ դադարեցնել կրքերի հրահրմամբ զբաղված իշխանական ֆեյքերի ֆաբրիկայի աշխատանքը:
Ցավոք, ինչպես միշտ, նրա անկեղծությանը հավատալու հիմքեր չկան: