Վարչապետի՝ երեկվա հարց ու պատասխանից ավիացիային վերաբերվող փոքր մասը լսելուց հետո ինձ մոտ մասնագիտական համերաշխության ցանկություն առաջացավ։ Ճիշտ է, ես պետական ապարատում երբեք չեմ աշխատել, բայց մասնավորում էլ գրեթե նույնն է`ավիացիոն մասնագետը այնքան բարձր է վարձատրվում՝ համեմատ երկրի միջինի, որ ինքը կարիք չունի օրինազանցություն գործելու կամ դրամաշորթություն կամ խաբեբայություն անելու կամ կոռուպցիայի մեջ թաթախվելու։ Իր միակ խնդիրը կարիերայի ընթացքում հետևելն է իր պարտականությունների պատշաճ ու անթերի կատարմանը, որ գործատուի մտքով անգամ չանցնի իրեն գործից հանել։

Ես ինքս շահույթով աշխատող Արմավիայում 2006-2008 թվերին օրական 14-15 ժամ աշխատում էի, որպեսզի պարտականություններս հասցնեմ, և արածիս որակը չտուժի, որպեսզի գործատուն ինձնից միշտ գոհ մնա։ Մասնագետը չի կարող լինել կոռուպցիոներ, դա շատ քիչ հավանական է, այդպիսին կարող է լինել ղեկավարը, գործատուն, բայց ոչ մասնագետ աշխատողը։

Ինչևէ, վերջին օրերին որոշ կայքերում խոսվում էր, որ 2015 թվականին այն ժամանակվա ՔԱԳՎ-ն անցել էր ICAO-ի համապատասխանության աուդիտը բարձր արդյունքներով։ Թեմային երեկ վարչապետն էլ անդրադարձավ։ Այդ աուդիտով ICAO-ն ստուգում է ՔԱԿ-ի գործառույթների համապատասխանությունը երկրում գործող օրենքներին և նորմատիվ ակտերին, ICAO-ի Standard And Recommended Practices (SARP) ստանդարտներին: Աուդիտը արվում է ամեն 8 տարին մեկ անգամ, մեզ մոտ հաջորդը կլինի 2023 թվականին։ Ըստ 2015 թվականին ICAO-ի կողմից իրականացված USOAP (Universal Safety Oversight Audit Programme) աուդիտի՝ պետք է ստուգվեր Հայաստանի ՔԱԳՎ-ի՝ այդ պահին առկա գործառույթների և կատարած աշխատանքի արդյունավետ համապատասխանեցումը ICAO-ի ստանդարտներին։

Ես ինքս հաշվարկեցի այն, ինչ դրված է ICAO-ի կայքում, և այսպես՝ Հայաստանի պահով`Legislation - 95,45%, Organization - 100%, Licensing - 96,81%, Operations - 94,03%, Airworthiness - 84.87%, Accident Investigation - 67,68%, Air Navigation Services - 86,98%, Aerodromes - 73,1%։ Այսպիսով՝ աուդիտի ենթակա 8 սեգմենտների ընդհանուր համապատասխանության արդյունքը կլինի 87,37%։ Սա տարածաշրջանում և աշխարհում բավական բարձր արդյունք է։ Համեմատության համար հաշվեցի մի քանի երկրների ընդհանուր արդյունքները`Վրաստան`88%, Թուրքիա` 83,15%, Ադրբեջան` 71%, նաև, օրինակ, Ռուսաստան` 70,32%...

Սա աուդիտ է, ոչ թե հարցաշար։ Ճիշտ է, դու լրացնում ես նախօրոք ուղարկված հարցաշարերը (ընդհանուր թվով՝ մոտ 6-7 հազար հարց), բայց հետո գալիս են ICAO-ի աուդիտորները և ստուգում են քո ուղարկածի համապատասխանությունը իրականությանը։ Սա էլ ICAO-ի աուդիտի պաշտոնական կայքն է (հղումն այստեղ), Դուք ինքներդ հեշտությամբ կարող եք մուտք գործել այս հղումով և ստուգել ցանկացած երկրի արդյունքները։ Մկնիկը պահում ես ստուգվող սեգմենտի գրաֆիկական սյունակի վրա, անմիջապես բերում է աուդիտ արված համապատասխանելիության տոկոսը, կարող ես նաև բոլոր 8 սեգմենտների միջինը հաշվել։

Հավատացեք, սա շատ բարդ աուդիտ է, բազմակի ավելի դժվար, քան փետրվարին ՔԱԿ-ում EASA-ի անցկացրած անվտանգության աուդիտը։ Ակնհայտ է, որ վարչապետին հերթական անգամ սխալ են զեկուցել ոլորտի պատասխանատուները։ Ավիացիան կարող են և պետք է զարգացնեն միայն ավիացիոն մասնագետները։ Պետությունը պետք է աջակցի և արդյունավետորեն վերահսկի։

Ավիացիան ավիատորներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել