Այսօր քաղաքացիների հարցերին ուղիղ եթերով պատասխանելիս Փաշինյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԱԺ իշխող մեծամասնության պատգամավորների մի մեծ մասն անիմաստ խոսող և ոչինչ չանող դեմքեր են, որոնցից մարդիկ հասցրել են հիասթափվել, մասնավորապես նշեց. «Ինչ վերաբերում է ԱԺ մեծամասնությանը, ապա այսօր ԱԺ-ի և մեր խմբակցության լավագույն գնահատականը տրվել է հարևան Ադրբեջանում, երբ մեր երկրում տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Ադրբեջանում որոշում կայացվեց անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:

Առաջինը՝ վարչապետն իսկապես հավատո՞ւմ է իր ասածին, որ Ադրբեջանի իշխանությունները մեր երկրում տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո են իրոք որոշում կայացրել իրենց երկրում ընտրություններ անցկացնել: Հարկ է նկատել, որ վարչապետի ասածի այս հատվածը պարզապես հումորի ժանր է հիշեցնում:

Երկրորդ՝ ի՞նչ է նշանակում «ԱԺ-ի և մեր խմբակցության լավագույն գնահատականը տրվել է հարևան Ադրբեջանում»… Այդ երբվանի՞ց է Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններն ու նրանց կողմից տրված այսպես կոչված «գնահատակը» Հայաստանի համար դարձել այնքան կարևոր, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի մակարդակով հղում է կատարվում նրանց տված «գնահատականներին»:

Հասկանում ենք, որ «Իմ քայլը» խմբակցության աշխատանքի արդյունավետության ցածր մակարդակը քողարկելը բավականին դժվար և նույնիսկ անհնարին գործ է, բայց վերջիններիս «ցեխից հանելը»՝ հիմնվելով Ադրբեջանի «գնահատակի» վրա, կոռեկտ չէ:

Հարկ է հիշեցնել, որ Ադրբեջանը ողջ նորանկախ շրջանում, այսինքն՝ գրեթե 30 տարի, ժողովրդավարության մակարդակով էապես զիջել է ոչ միայն Հայաստանին, այլ նաև Արցախին: Հետևաբար՝ այդպիսի երկրի «գնահատականը» նույնիսկ բարձրաձայնելն էլ աբսուրդի ժանրից է:

Հ.Գ. Եվրոպական երկրի հետ համեմատվելու փոխարեն Ադրբեջանի հետ ենք համեմատվում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել