Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը հայտնում է, որ ապրիլի 5-ին ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմը, որի արդյունքում Արցախի պաշտպանության բանակի զինծառայող է վիրավորվել։

«Ադրբեջանի իշխանությունները նման սադրանքներով բացահայտ արհամարհանք են ցուցաբերում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ ամբողջ աշխարհումհրադադարի ապահովման կոչին՝ ողջ մարդկության ջանքերն ուղղելու գլոբալ մարտահրավերի՝ կորոնավիրուսի հաղթահարմանը, ինչպես նաև անտեսում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հակամարտության կողմերին ուղղվածկոչերը՝ խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը և զերծ մնալու ցանկացած սադրիչ գործողություններից, որոնք կարող են այս բարդ ժամանակաշրջանում բարձրացնել լարվածության մակարդակը», - ասված է հաղորդագրությունում։

Հայտարարությունում նշված է, որ Բաքվի ապակառուցողական վարքագիծը դարձավ ադրբեջանական իշխանություններիանպատասխանատվության և ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումը և միջազգային հանրության կողմից պետք է արժանանա ամենախիստ գնահատականի և դատապարտման:

«Վերահաստատելով իր հանձնառությունը՝ հարգելու հրադադարի և դրա ամրապնդման մասին համաձայնագրերը, ինչպես նաև Գլխավոր քարտուղարի՝ ողջ աշխարհում ռազմական գործողությունները դադարեցնելու կոչին՝ Արցախի Հանրապետությունը համառորեն կոչ է անում Ադրբեջանին իրականացնել ստանձնած պարտավորությունները և հրաժարվել սադրիչ գործողություններից: Միևնույն ժամանակ, Արցախի Հանրապետությունը պատրաստ է ձեռնարկելու ինքնապաշտպանության անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ միջազգային իրավունքի նորմերի և, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների համաձայն», - նշված է ԼՂ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել