Իսպանիայում իրավապահների կողմից մոտ 3 հազար մարդ է բերման ենթարկվել կարանտինը խախտելու համար, հայտարարել է ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե Մարլասկան:

«Այս երեք շաբաթների ընթացքում ճանապարհորդության սահմանափակումների և քաղաքացիների անվտանգության ապահովման համար, տարբեր վայրերում իրականացվել են երեք միլիոն ստուգումներ: 2850 մարդ ձերբակալվել է`հիմնականում իշխանություններին չհնազանդվելու համար», – ասել է Մարլասկան:

Ընդհանուր առմամբ, կարանտինի խախտման համար արվել է 330 հազար նախազգուշացում:

Խստացված ռեժիմն ուժի մեջ է մտել մարտի 14-ին եւ կերկարաձգվի մինչև ապրիլի 25-ը ներառյալ, ավելի վաղ հայտարարել էր Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը:

Բնակիչներն իրավունք ունեն տանից դուրս գալ միայն բացառիկ դեպքերում՝ սնունդ եւ դեղամիջոցներ գնելու, հիվանդանոց հասնելու, օգնելու այն մարդկանց, ովքեր ինքնուրույն չեն և աշխատանքի գնալու համար:

Բացի այդ, կառավարությունը որոշել է մինչեւ ապրիլի 9-ը դադարեցնել երկրում բոլոր գործողությունները, որոնք կապված չեն կենսական անհրաժեշտությունների հետ:

Իսպանիայում աշխարհի ամենավատ համաճարակաբանական իրավիճակներից մեկն է: Ապրիլի 5-ի դրությամբ հայտնաբերվել է COVID-19 վարակի ավելի քան 130 հազար դեպք, որից 12,4 հազարը մահացել են, առողջացել է 38 հազարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել