Քանի դեռ ես տանն եմ, ընտանիքիս հետ, կենտրոնացած եմ առողջ և ապահով մնալու վրա: Ճանապարհորդելու հնարավորությունն այս օրերին սահմանափակ է, այդ իսկ պատճառով հաճույքով վերհիշում եմ իմ, Քիմի և մեր երեխաների՝ նախորդ տարվա հոկտեմբեր ամսի ճամփորդությունը: Մենք բախտ ունեցանք Հայաստան այցելելու և այնտեղ գտնվելու կարճ ժամանակահատվածում նշանակալից գործողություններ կատարելու:

Կարևորագույն բաներից մեկը, որ արեցինք, Էջմիածնի Մայր տաճար այցելելն էր և մեր երեխաներին այնտեղ մկրտելը: Էջմիածինը ոչ միայն Հայաստանի առաջին տաճարն է եղել, այլև առաջինը ողջ աշխարհում, քանի որ Հայաստանն առաջին երկիրն է եղել, որը քրիստոնեությունը ճանաչել է որպես պետական կրոն: Այնտեղ գտնվելիս ուժեղ զգացմունքներ ունեի: Տաճարի պատմությունը հետևյալն է. Սուրբ Գրիգոր Լուսավորիչն Աստծուց պատգամ է ստացել հենց այդ վայրում առաջին տաճարը կառուցելու մասին: Այն այնքան ամուր է եղել, որ միայն այսօր են սկսել տաճարը վերանորոգել, և դա ինձ ապշեցնում է: Երեխաներին Էջմիածնում կնքելիս ակնածանքի ու խոնարհության զգացողություններ առաջացան. դա կարծես ամենաճիշտ ճանապարհը լիներ մեր երեխաներին օգնելու իրենց արմատները ճանաչել:

Հայաստանը տեխնոլոգիաների ոլորտում մեծ զարգացում է ապրում և հայտնի դառնում աշխարհին: Քիմը ելույթ ունեցավ Երևանում կայացած World Congress on Information Technology (WCIT) հսկայական տեխնոլոգիական կոնֆերանսի ընթացքում: Մենք ևս ներկա էինք և աջակցում էինք նրան:

Նրանք իսկապես ցանկանում են ցույց տալ, որ կանայք ունակ են հաջողակ լինելու: Տեսնելով բոլոր կանանց, որոնք հիմնել են սեփական բիզնեսը, ես ոգևորվեցի: Կանայք պատրաստում են ձեռագործ տիկնիկներ, մանկական հետաքրքիր գրքեր, խնամքի միջոցներ. այդ ամենը շատ տպավորիչ էր:

Մենք միայն երեք օրով էինք Հայաստանում, սակայն ես ավտոմեքենայով երեխաներիս հետ շրջեցի քաղաքում: Փոքրիկները լուռ ու հետաքրքրությամբ լսում էին մեր ընտանիքի պատմությունը: Նրանք նաև սիրեցին պատմությունն այն մասին, թե ինչպես է Նոյյան տապանը հաջողությամբ կանգ առել Հայաստանում գտնվող հսկայական լեռան՝ Արարատի գագաթին: Ես կարծում եմ՝ դա նրանց դուր եկավ, և երեխաները հպարտություն զգացին երկրի հետ կապ ունենալու համար:

Հայոց ցեղասպանության հուշահամալիրը տեսնելիս նրանք սթափվեցին, և կարծում եմ՝ դա դեռ երկար ժամանակ կպահպանվի նրանց հիշողություններում: Կարևոր էր իմանալը պատմական այդ իրադարձության մասին, քանի որ դրա վերաբերյալ տեղեկություններ չկան պատմության դասագրքերում: Ցեղասպանությունը մեր նախնիների պատմության մի մասն է:

Ես և Քիմը, ցանկանալով կապ հաստատել մեր պատմության հետ, կրում էինք հասարակ, ամբողջությամբ սև, ավանդական հագուստ և հայկական ավանդական զարդեր:

Հրաշալի էր նաև հայկական ուտեստներ փորձելը: Երևանում մի ռեստորան կա, որը կոչվում է «Լավաշ»: Այն այնքան մեծ ու թարմություն հաղորդող էր, որ ես երեք օրում երեք անգամ այցելեցի այնտեղ: Հայկական խոհանոցի մասին մտածելիս ես այժմ հենց այդ վայրն եմ պատկերացնում: Ամենը ոչ միայն լավ համեմված էր, այլև չափազանց մաքուր: 

Էրիկ Իսրայելյանը մեզ ուղեկցեց դեպի հայկական բարեգործական ամենախոշոր կազմակերպություն՝ Հայկական բարեգործական միություն:

Ես ու Քիմը հանդիպեցինք Հայաստանի նախագահին: Մենք ճաշեցինք նրա, նրա կնոջ և որդու հետ նախագահական գեղեցիկ տանը: Հենց այդ ժամանակ էլ ես ինձ շատ մոտ զգացի հայկական մշակույթին ու իմ իրական էությանը: Չնայած որ մենք կարճ ժամանակահատվածում շատ բան հասցրինք անել, ես, անկասկած, կվերադառնամ ընտանիքիս հետ: Մենք կշարունակենք ուսումնասիրել պատմությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել