Pastinfo.am-ը գրում է․

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանը մետրոպոլիտենի աշխատանքների դադարեցումը ճիշտ է համարում, սակայն նշում է, որ որոշակի միջոցառումներ կան, որոնք պետք է իրականացնել՝ հետագայում վերագործարկելիս խնդիրներ չառաջանալու համար։

«Մետրոյի ենթակառուցվածքներում սպասարկման աշխատանքներ պետք է լինեն, որպեսզի հետո վերագործարկելիս խնդիրներ չառաջանան»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Յայլոյանը։

 «Փաստինֆո»-ն կապ հաստատեց նաև մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանի հետ՝ ճշտելու համար, թե մետրոպոլիտենն ինչ  միջոցառումներ է իրականացնում հետագայում վերագործարկելիս խնդիրներից խուսափելու համար։

Նա տեղեկացրեց, որ մետորպոլիտենում որոշ աշխատողներ կան, ովքեր հերթափոխով աշխատանքի են ներկայանում, որպեսզի հետագայում վերագործարկման առումով խնդիրներ չլինեն։

«Այս աշխատակիցներն աշխատանքի են ներկայանում գործատուի կողմից տրված հավաստագրի  հիման վրա։ Նրանք վագոնային տնտեսության աշխատակիցներն են, որոնք պրոֆիլակտիկ աշխատանքներ են իրականացնում, որպեսզի վերաշահագործումից հետո խնդիրներ չառաջանան»,-ասաց խոսնակը։

Հիշեցնենք, որ  պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ապրիլի 1-ից մետրոպոլիտենի աշխատանքները կասեցվել են։ Տաթև Խաչատրյանի խոսքով, այս որոշում պայմանավորված է նաև նրանով, ուղևորահոսքը 7- 8 անգամ նվազել էր, իսկ մետրոյի գործարկումը բավականին ծախսատար է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել